Չարենցը և արգելված գրականությունը. yerkir.am
Եղիշե Չարենցի կենսագրության մի անհայտ դրվագ իր արտացոլումն է գտել արխիվային երկու փաստաթղթերում, որոնք yerkir.am կայքը հրապարակում է առաջին անգամ: Դրանք միևնույն ժամանակ հնարավորություն են տալիս մեկ անգամ ևս պատկերացում կազմել այն ծանր մթնոլորիտի ու գաղափարական սահմանափակումների մասին, որ գերիշխող էին 1920-ականների Հայաստանում և դեռ էլ ավելի պիտի թանձրանային հետագա տարիներին:
Առաջին վավերագիրը մի գաղտնի պաշտոնական գրություն է, որ Լուսավորության ժողկոմատ է առաքվել Հատուկ բաժնի կողմից:
Նամակում ասվում է.
« N5 Երևան,
14.3.1929
Գաղտնի Լուսժողկոմի տեղակալ
ընկ. Յաղուպյանին
Սրանով Ձեզ հայտնում եմ, որ անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին ընկ. Գ. Վանանդեցին Հանր. Գրադարանի հատուկ բաժնից վերցրել է տանը օգտվելու համար Չալխուշյանի «Ինչ է և ինչ պիտի լինի մեր ուղին», ինչպես նաև դեկտ. 12-ին - «Հայրենիք» ամսագրի վեց համարներ: Վերոհիշյալները առանց հատուկ բաժնին վերադարձնելու՝ ընկ. Գ. Վանանդեցին հանձնել է քաղ. Չարենցին: Բացի դրա՝ քաղ. Չարենց հունվարի 7-ին հատուկ բաժնից վերցրել է «Հայրենիք» ամսագրի յոթը համարներ, հունվ. 20-ին վերադարձնելու պայմանավ: Հիշյալ ամսագրի 13 համարները և գիրքը առանց վերադարձնելու քաղ. Չարենց Երևանից մեկնել է: Սույնը տեղեկացրել եմ և Պետ քաղ. Վարչության, հարկ եղածը տնօրինելու համար:
Հատուկ բաժնի վարիչ….»: (Վերջին ստորագրությունը դժվարընթեռնելի է: Ամենայն հավանականությամբ, «Ա. Թագվորյան»):
Հայտնի փաստ է, որ այդ տարիներին սահմանված գրաքննության պայմաններում գրականության ու մամուլի հատուկ ֆոնդերից կարող էին օգտվել միայն սահմանափակ թվով մարդիկ և այն էլ` որոշակի նպատակներով: Իսկ սփյուռքից ստացվող պարբերականների գերակշիռ մասը կրում էր «գաղտնի» կնիքը և պահվում էր լայն հանրության աչքից հեռու: Հետևաբար Դաշնակցություն կուսակցության օրգան «Հայրենիք» հանդեսը չէր կարող ընդգրկված չլինել այս «վտանգավոր» աղբյուրների ցանկում, թեև 1922 թվականից ի վեր Բոստոնում լույս ընծայվող գրական-մշակութային ամսագիրը ինչպես գրականագետ Գուրգեն Վանանդեցուն, այնպես էլ Չարենցին կարող էր հետաքրքրել առավելապես իր գեղարվեստական բովանդակությամբ: Գալով հասարակական գործիչ, պատմաբան Գրիգոր Չալխուշյանի (1861-1931) գրքին, հիշեցնենք, որ 1923 թվականին հրատարակված «Ինչ էր և ինչ պիտի լինի մեր ուղին» ուսումնասիրությունն իրենից ներկայացնում էր Հայաստանի Առաջին Հանրապետության անկման տնտեսական և քաղաքական պատճառների վերլուծությունը: Այն ևս ընդգրկվել էր «անցանկալիների» շարքում, և եթե որևէ ընթերցող այնուամենայնիվ ցանկութուն էր հայտնում ծանոթանալ դրա բովանդակությանը, ապա նման ցանկությունն արդեն իսկ դիտվում էր զանցառում: (Ի դեպ, նկատենք մի հատկանշական հանգամանք, ինչը ևս անկարևոր չէ: Նամակում Վանանդեցու դեպքում օգտագործվում է «ընկեր» դիմելաձևը, մինչդեռ Չարենցի պարագայում՝ «քաղաքացի»-ն: Ամենայն հավանականությամբ, պատճառը կուսակցականությունն էր: Ինչպես հայտնի է, Չարենցին 1926-ի սեպտեմբերից հեռացրել էին կոմկուսի շարքերից): Եվ այսքանից հետո դժվար չէր կռահել, որ նման ահազանգին պիտի անմիջապես հետևեր համաժեք արձագանքը` ուղեկցվելով «պատժիչ» գործողություններով: Վերը նշված գրության վրա Լուսժողկոմի տեղակալը մակագրում է՝ հանձնարարելով նկատողություն հայտարարել Վանանդեցուն ու միջոցներ ձեռք առնել գրականությունը Չարենցից վերցնելու և վերադարձնելու համար: Սակայն դա այնքան էլ հեշտ գործ չէր: Բանն այն է, որ Չարենցն այդ օրերին իսկապես Հայաստանում չէր: Նա մեկնել էր Մոսկվա: Փաստ է նաև, ահազանգից 20 օր անց արգելված գրականությունը դեռ գտնված ու վերադարձված չէր:
Դա է վկայում մյուս գրությունը:
ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան