«Ամեն գրքասեր պարտավոր է իր գրադարակում Չարենց ունենալ». Չարենցի հիշատակի օրն է
«Եթե Չարենցը չլիներ փոքր ազգի ներկայացուցիչ՝ նրա անունը կհնչեր, ինչպես Մայակովսկու կամ Լորկայի անունն է համաշխարհային գրականության մեջ հնչում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
Գրականագետը հակիրճ ներկայացնելով Չարենցի կյանքի վերջին դրվագներն՝ ասաց, որ Չարենցը միայնության մեջ է մահացել՝ կյանքի վերջին շաբաթում ոչ մի հարազատի չհանդիպելով: Անդրադառնալով Չարենցի թողած գրական ժառանգությանն ու անտիպ էջերին՝ գրականագետն ասաց, որ նրա ժառանգության անհայտ էջեր այսօր էլ կան: Դրանք գտնվում են մասնավոր անձանց մոտ և տպագրված չեն։ Գրողի անտիպ ժառանգությունը լրացվել է երեք գրքով: 1983թ-ին լույս է տեսել Անահիտ Չարենցի «Անտիպ և չհրատարակված երկեր» գիրքը, 1996թ-ին իր կողմից կազմված «Նորահայտ էջեր» և 2012թ-ին «Գիրք մնացորդաց» անտիպ ժառանգությունը, որն առ այսօր կալանքի տակ է:
«Պետպատվերով տպագրված «Գիրք մնացորդաց»-ում Չարենցի անտիպ բանաստեղծություններն են ու վերջին բացահայտումները: Գրքի տպագրումից օրեր անց Չարենցի դուստրը աղմուկ բարձրացրեց՝ ասելով, որ գիրքը «բաց» է»,-նշեց Դ. Գասպարյանը:
Գրականագետն ասաց, որ ցանկանում է գիրքը կրկին տպագրել, բայց այս անգամ ոչ թե պետպատվերով ու հինգ հարյուր օրինակով, այլ արդեն շատ ավելի մեծ տպաքանակով: Դավիթ Գասպարյանը վերջում շեշտեց, որ ամեն գրքասեր պարտավոր է իր գրադարակում Չարենց ունենալ:
Նշենք, որ նոյեմբերի 27-ը Չարենցի հիշատակի օրն է: 1937թ նոյեմբերի 27-ին, հանճարեղ գրողն իր մահկանացուն կնքել է Երևանի բանտում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան