Իսրայելի հատուկ ծառայությունները կանխել են «ՀԱՄԱՍ»-ի մի քանի ահաբեկություններ
Իսրայելի հատուկ ծառայությունները սեպտեմբերին կանխել են Հորդանան գետի Արևմտյան ափում իսլամիստական «ՀԱՄԱՍ» շարժման մի քանի խոշոր ահաբեկություններ: Ըստ Իսրայելի Ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱԿ)` «ՀԱՄԱՍ»-ը մտադիր է ահաբեկչություն իրականացնել նաև Երուսաղեմում գտնվող «Տեդդի» ֆուտբոլի ստադիոնում: Այս մասին հայտնում է Euronews-ը:
ՇԱԲԱԿ-ի և Իսրայելի պաշտպանության բանակի համատեղ գործողությունների արդյունքում ձերբակալվել է «ՀԱՄԱՍ»-ի ավելի քան 30 ակտիվիստ, ովքեր մասնակցել են ահաբեկչությունների նախապատրաստական աշխատանքներին:
Հատուկ ծառայությունների տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվածներից մի քանիսը մարզվել են երրորդ երկրներում, այնուհետ ուղարկվել են Արևմտյան ափ` ահաբեկչություններին մասնակցելու համար:
Համատեղ գործողության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, ինչպես նաև պայթուցիկ սարքեր պատրաստելու նյութեր:
Բացի ֆուտբոլի մարզադաշտից` իսլամիստները մտադիր էին ահաբեկչություններ իրականանցնել Երուսաղեմի և Իսրայելի այլ քաղաքների հանրային տրանսպորտներում, ինչպես նաև առևանգել հրեաների: