ՃՈ տուգանքների վճարումից կազատվեն տասնյակ հազարավոր քաղաքացիներ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց նախագծերի փաթեթ, որով անվավեր են ճանաչվում ճանապարհային ոստիկանության կողմից կազմված տասնյակ հազարավոր քաղաքացիների վարչական տուգանքները:
Ինչպես կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, նախագծով համաներումը վերաբերում է 2007-2011թթ-ի չբռնագանձված տուգանքներով պատասխանատվությունից ազատելու խնդրին:
Բացի այդ, ըստ նախարարի, օրենքը ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, երբ վարչական ակտի հասցեատերը սահմանված կարգով պատշաճ չի ծանուցվել վարչական ակտի մասին, և տուգանքը ավելացել է, նա ազատվում է տուգանքի ավելացած մասի վճարման պարտականությունից՝ վճարելով տուգանքի հիմնական գումարը:
Հ. Մանուկյանի խոսքերով` տուգանքների վճարումից կազատվեն տասնյակ հազարավոր քաղաքացիներ:
«Անվավեր ճանաչվող ակտերի գումարը բավականին մեծ ծավալ է կազմում, և կարծում եմ, որ սոցիալական բեռի թեթևացման տեսանկյունից այդ նախագծի ընդունումը դրական քայլ է»,- նշեց նախարարը:
Նաև ասաց, որ տուգանքների ընդհանուր գումարը կազմում է 2 մլրդ դրամ:
Հարցին, թե նման օրինագիծ մեկ անգամ ևս ներկայացվել է ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը, սակայն այն մերժվել է, արդյոք նախարարը դրանից վիրավորված չէ, Հ. Մանուկյանն ասաց, որ վիրավորվածությունը քաղաքականության մեջ որոշիչ և կարևոր հանգամանք չէ. «Այո, Ազգային ժողովը մերժել է, բայց կառավարությունը նպատակահարմար է գտնում ևս մեկ անգամ ներկայացնել այդ կարգավորումները, քանի որ Կառավարության համար այն կարևոր նախագիծ»:
Հ. Մանուկյանի խոսքերով` նախագծում որոշակի խմբագրական բնույթի փոփոխություններ են իրականացվել, բայց հիմնական ինստիտուտները, մասնավորապես՝ երբ դատական կարգով բռնագանձում պետք է լինի, ինչպես նաև ամնիստիայի հետ կապված բոլոր հիմնական դրույթները պահպանված են: