ՔԿՀ-ներում իրականացվող բարեփոխումների արդյունքները 1-2 տարի հետո արդեն տեսանելի կլինեն. Մանուկյան
«Քրեակատարողական հիմնարկների համակարգում վերջին 6-7 ամիսների ընթացքում բավականին լուրջ տեղաշարժեր կան, որոնք գուցե այսօր տեսանելի չեն, քանի որ այն նախաձեռնությունները, որոնք սկսել ենք, դրանց արդյունքը միայն 1-2 տարի հետո ռեալ կտեսնենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
«Մի պարզ օրինակ՝ մենք ընդամենը մի երկու շաբաթ առաջ Էներգախնայողության հիմնադրամի հետ ստորագրեցինք մի համաձայնագիր, որով նախատեսվում է մոտ 6 մլն դոլարի ներդրում կատարել, որպեսզի մեր բոլոր քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության ծրագիր իրականացվի: Մասնավորապես՝ էական փոփոխություններ պետք է կատարվեն էներգիայի ծախսվող ծավալների ուղղությամբ»,- ասաց նախարարը:
Նաև հավելեց, որ դա ենթադրում է մոդեռնիզացնել ջեռուցման համակարգերը, պետք է այնպիսի ջեռուցման ռեժիմներ մտցնեն, որոնք հնարավոր էներգիայի կորուստներ թույլ չտան: Այսինքն, ըստ նրա, ՔԿՀ-ներում ամբողջությամբ պետք է փոխվեն դռներն ու պատուհանները:
Արդյունքում, ինչպես նշեց Հ.Մանուկյանը, տարեկան ՔԿՀ-ի վրա ծախսվող գումարների մոտավորապես 1/3-ը կխնայեն:
«Բացի ֆինանսական խնայողությունից, դա կբերի նաև դատապարտյալների կենցաղային պայմանների բարելավման: Այսպիսի բազմաթիվ ծրագրեր կան, որոնք վերաբերում են առողջապահության ոլորտին, դատապարտյալների սննդի որակի բարելավմանը և մի շարք այլ ուղղությունների»,- ընդգծեց արդարադատության նախարարը:
Անդրադառնալով Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին, Հ.Մանուկյանն ասաց, որ նոր ղեկավարը փորձառու իրավաբան է, երիտասարդ ավյունով լի. «Կարծում եմ, որ մեր և նրա ջանքերը համատեղելու դեպքում բավականին լավ արդյունքներ կարձանագրենք արդեն իսկ հաջորդ տարի»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան