HSBC-ի աշխատակցի գործ. «Իր պարագայում հացադուլը կարծես վերջին միջոցներից մեկն է»
«HSBC բանկի գլխավոր մասնագետ Աշոտ Առուշանյանի գործով Վերաքննիչ դատարանն իր որոշումը կհրապարակի վաղը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ա. Առուշանյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը:
Նա նշեց, որ այսօր կայացել է դատական նիստ, պաշտպանական կողմը հանդես է եկել ճառով, որից հետո դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ:
«Ես ակնկալում եմ միայն մեկ բան՝ արդարացում»,- նշեց փաստաբանը:
Լ. Սիմոնյանը նաև հայտնեց, որ արդեն տաս օր է Աշոտ Առուշանյանը հացադուլի մեջ է: Նա առանձնացված խցում է: «Իր պարագայում, կարծես, վերջին միջոցներից մեկն է՝ հացադուլով արտահայտել իր բողոքը կայացած դատավճի դեմ: Երկու օր առաջ էլ եմ եղել նրա մոտ, այնքան էլ լավ չի զգում իրեն»,- նշեց պաշտպանը:
Ա. Առուշանյանն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով, այն բանի համար, որ նա, խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին և ծանոթ Արտաշես Գալուստյանին օժանդակել է հանցագործության կատարմանը` նրանց տրամադրելով տեղեկատվություն հափշտակության առարկայի` առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Աշոտ Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել է ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով` գույքի 30%-ի բռնագրավմամբ: Նույն դատավճռով Էդգար Կարաքեշիշյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 324-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 7 տարի 6 ամիս ժամկետով: Սակայն դեռ նախորդ տարվա հուլիսի 23-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանել և գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան` այլ կազմով նոր քննության: Իսկ Վճռաբեկ դատարանն էլ որոշել էր մեղադրողի վճռաբեկ բողոքը վերադարձնել: Առաջին ատյանի դատարանը նորից մեղադրական դատավճիռ էր կայացրել: Ներկայացվել էր վերաքննիչ բողոք:
Ավելի վաղ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբանն ասել էր, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը հիմնված է միայն գործով անցնող Արտաշես Գալուստյանի ցուցմունքի վրա, իսկ նրա մեղադրանքի հիմքում դրված մյուս նյութերը, որոնք կոչված էին հիմնավորելու վերջինիս ցուցմունքը, հակասության մեջ են գտնվում Գալուստյանի ցուցմունքների հետ, այսինքն` հերքում են այն:
«Աշոտ Առուշանյանի մեղքը ապացուցված չէ», -պնդել և շարունակում է պնդել փաստաբանը:
Նախորդող հրապարակումներ՝
Երկրորդ անգամ նույն գործը՝ Վերաքննիչ դատարանում
HSBC-ի աշխատակցի գործով դատաքննությունը շարունակվում է, բայց գլխավոր կասկածյալներից մեկի բացակայությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները