Գնաճը միայն մեկ կառույցով չի կարելի զսպել. Թաթուլ Մանասերյան
«Իրավիճակը տիպիկ է Հայաստանի համար: Մենք պարբերաբար ունենում ենք նման իրավիճակներ, երբ այդպես կտրուկ սկսում է դրամը կամ դոլարն արժևորվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Ներմուծողներն արագ կողմնորոշվում են և օգտագործում են այս իրավիճակները ի օգուտ իրենց: Նրանք պատճառաբանում են, որ ավելի թանկ են բերում, և գները պետք է բարձրացնեն»,-նշեց Մակարյանը:
Ըստ նրա՝ կա գնաճի որոշակի միտում, որը մանավանդ տարվա վերջին հետաքրքիր է դրսևորվում. «Այս բոլորը կարող է գումարվել իրար՝ դոլարով պայմանավորված, զուտ հոգեբանական գնաճ, Նոր տարվա գնաճ և այլն»:
Նա շեշտեց, որ էական թանկացումներ կլինեն:
«Համարում եմ, որ ԿԲ-ն արդյունավետ չի գործում և ընդհանրապես նրա գործունեությունը լուրջ վերանայման կարիք ունի»,-նշեց Գործատուների միության նախագահը:
Անադրադառնալով Ռուսաստանի շուկային ասաց. «ՌԴ-ի տնտեսության հետ միանգամից մեծ հույսեր դեռևս կապել պետք չի: Մեր արտահանողները այսօր մեզ արձագանքում են, որ գումարները չեն կարողանում միանգամից հետ ստանալ: Նրանք, ովքեր ռուբլով են աշխատում, բավականին «տակ են տալիս», իսկ դոլարով աշխատելն էլ խնդիրներ է ստեղծում»:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ստեղծեց մի մեխանիզմ, որի շրջանակում ԵՏՄ-ում իր ռուբլին կամրապնդվի և առևտուրը կխթանվի, դա կարող է դրական ազդեցություն ռուբլին զսպելու համար: Իսկ թե որքանով դա կաշխատի դա՝ ժամանակը ցույց կտա:
Հանդիպմանը ներկա տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ նշեց, որ ինքը լավատես է և Հայաստանը տնտեսական կոլապսի մեջ չի հայտնվի:
«Իրավիճակից դուրս գալու շատ ելքեր կան: Չեմ կարծում, որ ՌԴ-ում տիրող իրավիճակն անպայման իր անդադարձը պետք է ունենա Հայաստանի վրա: Ճիշտ հակառակը, Հայաստանը պետք է կարողանա օգտվել Ռուսաստանում ռուբլու արժեզրկման իրավիճակից: Կարծում եմ, որ ԵՏՄ-ն միայն Ռուսաստան չէ, մեզ համար շատ օրինակելի է Ղազախստանի առաջընթացը վերջին տարիներին»,- նշեց տնտեսագետը:
Նա նաև շեշտեց, որ չի կիսում նաև այն տեսակետը, որ ԿԲ գործունեությունը անարդյունավետ է. «Նախորդ ղեկավարության հետ համեմատած շատ ավելի ճկուն գործունեություն եմ տեսնում, իհարկե, շատ անելիքներ դեռ կան»:
Տնտեսագետը ավելացրեց, որ ԿԲ-ի հետ միասին գնաճի համար պատասխանատվություն պետք է կրեն էկոնոմիակյի և ֆինանսների նախարարությունները, ՏՄՊՊՀ-ն. «Գնաճը միայն մեկ կառույցով, միայն դրամավարկային քաղաքականությամբ չի կարելի զսպել»: