Մոտ օրերս «Նաիրիտ»-ի աշխատակիցները կստանան 1 ամսվա աշխատավարձ. Վստահեցրել է նախարարը
Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում հանդիպել է գործարանի ղեկավարության ու աշխատակիցների հետ: Հանդիպման նպատակն էր գործարանի աշխատակազմին մեկ անգամ ևս ներկայացնել կառավարության մոտեցումները «Նաիրիտում» ստեղծված իրավիճակի, գործարանի վերագործարկման, ինչպես նաև աշխատավարձի գծով պարտքի մարման հարցերի շուրջ: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Նախարարի խոսքով, արդեն տևական ժամանակ «Նաիրիտ գործարանում» առկա է սոցիալական լարվածություն՝ կապված չվճարված աշխատավարձերի և աշխատակիցների հետագա ճակատագրի հետ: Խնդիրները մշտապես հանրապետության նախագահի ու վարչապետի ուշադրության կենտրոնում են:
Ըստ Երվանդ Զախարյանի` «Նաիրիտ գործարան»-ի պարտքն այսօր արդեն կազմում է մոտ 102 մլրդ դրամ, որից 6 մլրդ դրամը՝ աշխատավարձի գծով պարտքն է, 63 մլրդ-ը՝ վարկային պարտավորություններ են, 20 մլրդ-ը՝ պարտք է Երևանի ՋԷԿ-ին, 8,5 մլրդ-ը՝ բյուջետային պարտք է, 1,4 մլրդ-ը՝ պարտք է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, իսկ 1,2 մլրդ-ը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը:
Նախարարի խոսքով՝ իրավիճակն իսկապես անհանգստացնող է: Աշխատակիցների վրդովմունքը, բողոքն ու պահանջները հասկանալի են և արդարացված: Վերջին մի քանի տարիների ընթացքում «Նաիրիտի» պահպանության ծախսերը, ինչպես նաև աշխատավարձերի վճարումները իրականացվել են էներգետիկ համակարգի ընկերությունների տրամադրած միջոցների հաշվին (փոխառությունների տեսքով), որոնք իրենց հերթին այսօր ծանր ֆինանսական վիճակում են:
«Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ նախարարը տեղեկացրել է, որ Համաշխարհային Բանկի կողմից գործարանում կիրականացվի տեխնիկական աուդիտ: Մինչև 2015թ.-ի փետրվար Երևան կայցելեն ՀԲ ներկայացուցիչները և «Նաիրիտի» մասնագետների հետ աշխատելով կուսումնասիրեն վերագործարկման հնարավորությունները: Նախարարը հույս է հայտնել, որ աուդիտի արդյունքները պարզ կլինեն մարտ ամսին, և դրական եզրակացության դեպքում կառավարությունը կդիմի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի կառավարման մարմիններ՝ վերագործարկման համար միջազգային մրցույթ անցկացնելու նպատակով:
Երվանդ Զախարյանը տեղեկացրել է նաև, որ նման ընթացակարգը պարտադիր է, քանի որ կառավարությունը «Նաիրիտում» ունի մոտ 10 տոկոս բաժնեմաս, ուստի՝ իրավական որոշումներ կայացնելու իրավասությունը վերապահված է միայն գործարանի տնօրենների խորհրդին:
Ինչ վերաբերում է աշխատավարձի գծով պարտքին, ապա, նախարարի հավաստմամբ, մոտ օրերս գործարանի աշխատակիցները կստանան 1 ամսվա աշխատավարձ, իսկ դեկտեմբերին՝ ևս 1 ամսվա:
«Գիտակցում ենք, որ ՀՀ սահմանադրությամբ պարտավոր ենք պաշտպանել Ձեր իրավունքները: Եվ կառավարությունը և նախարարությունը պատրաստ են հետևողական լինել: Լինել Ձեր կողքին և համապատասխան աջակցություն ցույց տալ ձեր խնդիրների լուծման գործում, բայց կառավարության կողմից արված յուրաքանչյուր քայլ պետք է լինի իրավական տեսանկյունից հիմնավորված»,- «Նաիրիտի» աշխատակիցներին ասել է Ե. Զախարյանը:
Նախարարը նշել է նաև, որ չվճարված աշխատավարձերին վերաբերող մնացած խնդիրներով պետք է զբաղվի գործարանի տնօրենների խորհուրդը: Ե.Զախարյանը տեղեկացրել է նաև, որ գործարանի աշխատակիցների կրճատման խնդիրը ևս տնօրենների խորհրդի իրավասությունների շրջանակում է:
Ըստ նրա` այս ընթացքում գործարանի 178 աշխատակից ստացել է բավական բարձր աշխատավարձ՝ 400 հազարից մինչև 2 մլն 600 հազար դրամ, ինչը բոլորովին արդարացված չէ ստեղծված իրավիճակում: