Կառավարությունը հաստատեց պատգամավորների առաջարկություններով փոփոխություններ կատարված 2015 թ.-ի պետբյուջեի նախագիծը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2015թ. պետական բյուջեի փոփոխված նախագիծը: Ինչպես գործադիրի նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը, պետբյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու համար ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցություններից ստացվել է 367 առաջարկություն, որոնք ենթադրում էին 163 մլրդ դրամի ծախս: Ըստ նրա` առաջարկությունները վերաբերել են տարբեր ոլորտներին՝ տնտեսությանը, ԼՂՀ-ի տարաբնակեցման հայեցակարգին և այլն:
Կառավարությունում ու վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկումների արդյունքում ընդունելի են համարվել 45 առաջարկություն, իսկ մնացածի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ: Նշվեց նաև, որ 112 առաջարկություն մերժվել է, քանի որ մեծ գումարների հետ են կապված եղել:
Այսպիսով, ըստ Պ.Սաֆարյանի, բյուջեի նախագծում կատարվել են փոփոխություններ: Արդյունքում, բյուջեի նախագծում 13,5 մլրդ դրամի ծախսային ծրագրեր են ավելացել. մասնավորապես` կուտակային համակարգի ներդրման ծախսերն ավելացել են 5 մլրդ դրամով, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման համաֆինանսավորման ծախսերը` 3 մլրդ դրամով, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներինը՝ 2 մլրդ դրամով, Քննչական կոմիտեինը` 1,2 մլրդ դրամով, սահմանամերձ գյուղերի ծախսերը` 900 մլն դրամով:
«Հաջորդ տարվա պետբյուջեի եկամուտներն ավելացել են 7 մլրդ դրամով, ծախսերը կրճատվել՝ 6 մլրդ դրամով»,- նշեց փոխնախարարը:
Նշվեց նաև, որ 2015 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծում՝ եկամուտների մասով նախատեսվում է ապահովել 1 տրիլիոն 191 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 308 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը կկազմի 114 մլրդ դրամ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ հաջորդ տարվա պետական բյուջեի լրամշակված տարբերակը կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը: