Կարող են Երևանում ցանկացած հին շենք ճանաչել գերակա շահ ու որոշել քանդել. նկարիչ
Երևանի ցանկացած հին շենքում բնակվող քաղաքացիները կարող են մեկ օր կանգնել խնդրի առաջ՝ կառավարությունն այդ շենքը ճանաչում է գերակա շահ ու որոշում է ընդունում քանդել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նկարիչ Վարդան Գաբրիելյանը:
Նա օրինակ բերեց Տերյան 23-25, Լալայանց 37 հասցեներում գտնվող շենքերը, որոնք արդեն ութ տարի է ճանաչվել են հանրային բառացիկ գերակա շահ ու որոշում են ընդունել քանդել: Վ. Գաբրիելյանն ասաց, որ իր տեղեկություններով այժմ բանակցություններ են վարվում նաև Աֆրիկյանների հարևանությամբ գտնվող արտաքին իրավիճակների նախարարության նախկին շենքը (Պուշկին փողոցում) քանդելու ուղղությամբ:
«Այժմ սպասում են, որ Աֆրիկյաններից հետո հասարակությունը մի քիչ հանդարտվի ու քանդեն»,- նշեց նա:
«Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Գրիգոր Ղազարյանը նշեց, որ դեռևս Աֆրիկյանների շենքի հետ կապված որևէ հստակություն չկա, նախագծված չէ այն հատվածը, թե որտեղ է այն վերակառուցվելու:
Նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանն ասաց, որ Տերյան 23-25, Լալայանց 37 հասցեներում գտնվող շենքերը ճանաչել են բացառիկ գերակա շահ, հանրային շահ, բայց մինչ օրս չգիտեն, թե տեղում ինչ են կառուցելու:
«Դիմել ենք քաղաքապետարան, որպեսզի պատասխանեն, հանրությանը ներկայացնեն, թե ինչ է կառուցվելու այդ հատվածում: Մեզ պատասխանել են, որ դեռևս հաստատված նախագիծ չկա: Ութերորդ տարին է, կառավարությունը չգիտի՝ ինչ է կառուցելու այդտեղ, բայց բացառիկ գերակա շահ է ճանաչվել»,- նշեց նա:
Վ. Գերավետյանի խոսքով, այդ շենքերի բնակիչներից ութ հոգու ԴԱՀԿ-ից եկել են որոշումներ, որոնցով արգելել են տվյալ բնակիչներին վաճառել իրենց բնակարանները, կարող են վաճառել միայն «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը, որի հիմնադիր Սամվել Մայրապետյանն է:
«Հակառակ կողը դիմել է դատարան՝ հաշի առնելով, որ այդ բնակիչները պայմանագիր չեն ուզում կնքել մեզ հետ, թույլ տվեք արգելանք դնել սեփականության վրա, որ հետո դատական կարգով պարտադրենք վաճառել: Դատարանն արագ որոշում է կայացրել, որի հիման վրա ԴԱՀԿ-ն կազմել է արձանագրություն, որ եթե իրավունք ունես վաճառել, վաճառել միայն այդ ընկերությանը: Մենք հակընդեմ հայցով դիմել ենք դատարան, ներկայացրել ենք հիմնավորումներ»,- ասաց նա:
Ըստ Վ. Գերավետյանի առաջարկում են 1 քմ. համար 800-900 դոլար, կամ էլ նոր բնակարան՝ նորակառույցում: Այդ շենքերի 22 բնակարանում է միայն մարդ ապրում: Ընդհանուր առմամբ, երեք շենքն ունի 54 բնակարան:
Վ. Գերավետյանի խոսքով, այդ շենքերը չորս հարկանի են, և ինչպես իրենք են ասում արտաքին տեսքը համահուն չէ աղճատված, այլանդակված Հյուսիսային պողոտային:
«Մենք պատրաստ ենք մարտնչել մեր շենքերի համար: Մենք դուրս չենք գալու մեր տներից: Բնակիչներով ունենք մեր ներքին որոշումը՝ գնալու ենք առճակատման»,- ընդգծեց Վ. Գերավետյանը:
«Այդ շենքերում ապրել են հայտնի արվեստագետներ: Երևանում քիչ են այնպիսի շենքերի բնակիչները, ովքեր կարող են պարծենալ, թե իրենց շենքում ապրել են նման անվանի մարդիկ: Ժամանակին քննարկում էին, որ այդ շենքերն ընդգրկեն պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակում, սակայն այդպես էլ մոռացության մատնվեց»,- ասաց նկարիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները