Խաղողագործության և գինեգործության բնագավառի ֆրանսիացի փորձագետները 2015-ին կայցելեն Հայաստան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Անդրադառնալով ընթացիկ տարում իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին`նախարարը գոհունակությամբ նշել է, որ դրանց շրջանակում նախատեսված ծրագրերը բարեհաջող են ընթանում:
ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Սերգո Կարապետյանը հակիրճ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում վերջին տարիների ձեռքբերումները` միաժամանակ նշելով լուծումներ պահանջող հիմնահարցերը, մասնավորապես, տեղական արտադրանքի ինքնաբավության մակարդակի բարձրացման, գյուղացիական միությունների և կոոպերատիվների ձևավորման, վերամշակող արդյունաբերության արդիականացման և բնական աղետների դեմ առավել արդյունավետ պայքարի միջոցների ներդրման անհրաժեշտությունը:
Դեսպանն իր հերթին նշել է, որ գյուղատնտեսությունն այն բնագավառն է, որտեղ երկկողմ համագործակցության տեսանկյունից պետական մակարդակով և մասնավոր հատվածում գրանցվել են զգալի հաջողություններ:
Դեսպանը հաստատել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը շարունակել աջակցությունը Հայաստանին գյուղատնտեսական ծրագրերի իրականացման հարցում: Այդ կապակցությամբ նա նաև տեղեկացրել է, որ 201 5 թվականին նախատեսվում է խաղողագործության և գինեգործության բնագավառի ֆրանսիացի փորձագետների այցը Հայաստան` համագործակցությունն ավելի ընդլայնելու նպատակով:
Հաշվի առնելով առկա ներուժը` կողմերը մեկ անգամ ևս հաստատել են, որ գյուղատնտեսության բնագավառը երկու երկրների համար գրավիչ է համագործակցության տեսանկյունից և անհրաժեշտ են երկկողմ ջանքեր այն առավել ակտիվացնելու համար:
Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրել է դեսպանին փոխանցել իր ֆրանսիացի գործընկերոջը 2015 թվականին Հայաստան այցելելու հրավերը: