Կանցկացվի «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում» թեմայով 3-րդ համաժողովը
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) դեկտեմբերի 1-5-ը հայտարարել է կրթության որակի ապահովման շաբաթ:
Դեկտեմբերի 4-5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի կունենա «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» շահակիցների երրորդ համաժողովը: Այս մասին հայտնում է ՈԱԱԿ հասարակության հետ կապեր բաժինը:
Նպատակն է ներկայացնել և քննարկել անցումային շրջանում իրականացված ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացների փորձը և ընդհանրացված արդյունքները, Հավատարմագրման հանձնաժողովի կողմից որոշումների կայացման մոտեցումը, հավատարմագրման գործընթացների արդյունքում վերհանված միջազգայնացման և հետազոտության իրականացման խնդիրները, ինչպես նաև անցումը ծրագրային հավատարմագրման գործընթացին:
Նշված հարցերին կանդրադառնան հավատարմագրման գործընթացին մասնակից տեղացի և միջազգային փորձագետները, Հավատարմագրման հանձնաժողովի անդամները, ՈԱԱԿ-ի աշխատակիցները, դասախոսներն ու ուսանողները:
Մասնակիցներին ողջույնի խոսք կհղեն ՀՀ վարչապետ, ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ՀԱՀ նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի անդամ Աշոտ Սաղյանը:
Համաժողովի առաջին օրը նվիրված կլինի ինստիտուցիոնալ հավատարմագրման ընթացքում բացահայտված խնդիրներին և լուծման ուղիներին: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը զեկույց կներկայացնի «Որակի ապահովումը որպես փոփոխությունների կառավարում» թեմայով:
Կքննարկվեն որակի ապահովման գործընթացների ազդեցությունը կրթական համակարգի վրա, արդյունքներն ու ակնկալիքները: Անդրադարձ կկատարվի նաև ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացների իրականացմանը, կներկայացվի ինստիտուցիոնալ հավատարմագրման Ամերիկյան համալսարանի փորձը, ինչպես նաև գիտական հետազոտության, միջազգայնացման, ՄՈՒՀ-երի և կրթական ծրագրերի արդյունավետ կառավարման հաջողված փորձերը:
Ապա համաժողովը կշարունակվի աշխատաժողովների տեսքով, որտեղ միջազգային ու հայաստանյան հեղինակավոր փորձագետները կներկայացնեն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացում ինքնավերլուծության արդյունավետ իրականացման մեխանիզմները և փորձագիտական աշխատանքի մեթոդաբանության հիմնախնդիրները:
Համաժողովի երկրորդ օրը կքննարկվեն ծրագրային հավատարմագրման մոտեցումներն ու խնդիրները, կներկայացվի ծրագրային հավատարմագրման ՈԱԱԿ-ի փորձը, ծրագրային հավատարմագրման կազմակերպման առանձնահատկությունները, ինստիտուցիոնալ որակի ապահովումը կրթական ծրագրի վերլուծության միջոցով, ինչպես նաև ծրագրային հավատարմագրման ֆինանսական քաղաքականությունը:
Այնուհետև արտասահմանյան փորձագետները կներկայացնեն ծրագրային հավատարմագրման գործընթացքում ինքնավերլուծության արդյունավետ իրականացման միջազգային փորձը:
Մինչ համաժողովը, Որակի ապահովման շաբաթվա շրջանակներում դեկտեմբերի 1-ին տեղի կունենա «Տեմպուս»-ի «ARARAT» ծրագրի ներկայացումը, որտեղ կքննարկվի բուհ-գործատու կապի ամրապնդման առկա մարտահրավերները և լուծման ուղիները:
Դեկտեմբերի 2-ին տեղի կունենա ALIGN, ARMENQA, TNE_QA ծրագրերի ձեռքբերումների և մարտահրավերների քննարկումը:
Միջոցառման ժամանակ տեղացի և միջազգային գործընկերները կանդրադառնան Որակավորումների նոր շրջանակին և դրա համապատասխանությունը մասնագիտության կրթական ծրագրերի վերջնարդյունքներին, ինչպես նաև Ֆրանսիական համալսարանի գործընկերները կներկայացնեն ՀՀ-ում տրանսազգային կրթության ճանաչման խնդիրները: Դեկտեմբերի 3-ին կամփոփվեն «ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» թեմայով եռափուլ վերապատրաստումների արդյունքները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա