Էրդողանն ԱՄՆ փոխնախագահին ընդունել է հայկական միջավայրում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախորդ շաբաթվա վերջին այցելել էր Թուրքիա: Հայտնի է, որ այցի արդյունքները գոհացուցիչ չեն ամերիկյան կողմի համար. Անկարան մերժել էր «Իսլամական պետության» հարցում բավարարել Վաշինգտոնի ակնկալիքները: Բայց անկախ այցի արդյունքներից Արևմուտքում, հատկապես ծագումով հայ ընթերցողները, քննելով Էրդողան-Բայդեն համատեղ ասուլիսի վերաբերյալ «France Press» գործակալության տարածած լուսանկարը , բավականին ուշագրավ փաստի վրա են ուշադրություն հրավիրել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին ընդունել էր Ստամբուլի Բեյլերբեյի պալատում: Այս պալատը Օսմանյան սուլթանների ամառային առանձնատունն է և գտնվում է Բոսֆորի ասիական ափին: Պալատը Աբդուլ-Ազիզ սուլթանի պատվերով 1861-1865թթ. կառուցել է հայ ճարտարապետ Սարգիս Բալյանը:
Իսկ սրահի պատին, որտեղ Թուրքիայի նախագահն ու ԱՄՆ փոխնախագահը հանդես են եկել մամլո ասուլիսով, կախված է հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գեղանկարներից մեկը: Բարձր Դռան հետ ծանոթությանն Այվազովսկին պարտական է հենց Սերգիս Բալյանին:
Լինելով Օսմանյան արքունիքի պալատական ճարտարապետը՝ Բալյանը միջնորդել է, որպեսզի թուրք սուլթան Աբդուլ-Մեջիդ I-ն ընդունի Այվազովսկուն: Վերջինս, որ արդեն Այվազովսկու կտավներից մեկն ուներ շքանշան է շնորհում հայ ծովանկարիչին: Առավել գործունյա էր թուրք հաջորդ սուլթանը՝ Բեյլերբեյիի պատվիրատու Աբդուլ Ազիզը: Սարգիս Բալյանը վերջինին է նվիրում Այվազովսկու նվիրած կտավներից մեկը: Ծովանկարն այնքան է գերում թուրք սուլթանին, որ Այվազովսյկուն է ներկայացնում ևս 30 կտավների պատվեր:
Կատարված աշխատանքների դիմաց փադիշահն առատորեն պարգևատրում է հայ նկարչին: Հետագայում Այվազովսկու կտավների ցուցադրությունների հաջողությունները ստիպում են, որպեսզի Աբդուլ Համիդ II-ն իր երախտագիտությունը հայտնի՝ Այվազովսկուն շնորհելով ալմաստե մեդալ: Մինչև հայերի կոտորածը Աբդուլ Համիդը ևս մեկ անգամ է թուրքական պետական պարգև շնորհում Հովհաննես Այվազովսկուն:
1894-1896թթ. Աբդուլ Համիդի իրականացրած բնաջնջումը խորապես ազդում է Հովհաննես Այվազովսկու վրա, ով ծովն է նետում թուրքական սուլթանների կողմից ստացված բոլոր պարգևները: Միաժամանակ Թեոդոսիայում Օսմանյան Թուրքիայի հյուպատոսին նա ասում է. «Հայտնիր քո արյունարբու տիրոջը, որ ես դեն եմ նետել ինձ տված բոլոր մեդալները, և եթե ինքն ուզում է, թող ծովը նետի իմ նկարած գործերը»:
Ցեղասպան Թուրքիայի ղեկավարությունը, բնականաբար, ոչ միայն դեն չի նետել աշխարհահռչակ նկարչի կտավները, այլև մինչ օրս դրանցով կահավորել է թանգարանային այնպիսի կառույցներ, ինչպիսիք են Բեյլերբեյի ու Դոլմաբախչե պալատները: Վերջինս, իմիջիայլոց, նույնպես կառուցել է հայ՝ Սարգիս Բալյանի հայրը՝ Կարապետ Բալյանը:
«Ասոշիեյթեդ փրես»-ի լուսանկարիչի կադրում, որ արված է Բեյլերբեյի պալատում, երկու պաշտոնյաների թիկունքին հենց Այվազովսկու գործն է, ինչն էլ նկատել են արևմտյան բլոգերները, որոնցից մեկն էլ դիպուկ գրել է. «Որքան էլ Թուրքիան ձգտում է, միևնույն է չի կարողանում փախչել հայերից…»:
Արմեն Մինասյան