«Մեծամոր» ԲԿ-ից «Մուրացան» տեղափոխելու ճանապարհին 15-ամյա տղան մահացել է. «Մարմինն ամբողջությամբ պատված է եղել ծծումբով»
Նախօրեին ժամը 6.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծծմբային սուր թունավորում ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1999 թ. ծնված Առնակ Հ.-ն: Ոստիկանության լրատվական բաժնի տեղեկացմամբ, պարզվել է, որ տանը, ժամը 02.00-ի սահմաններում, Ա. Հարությունյանն իրեն վատ է զգացել, ինչից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Մեծամոր» Բ/Կ, որտեղից էլ Երևանի «Մուրացան» Բ/Կ տեղափոխելու ճանապարհին մահացել է: Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:
Panorama.am-ի հետ զրույցում «Մեծամոր» ԲԿ-ի տնօրենը պատմեց հետևյալը. «Մեզ մոտ շտապօգնությունում կանչ է եղել ժամը 4:45-ին՝ որպես 15 տարեկան երեխա, բարձր ջերմությամբ: Շտապօգնությունը գնացել է: Ժամը 5:35-ին ընդունարանում ձևակերպվել են երեխայի՝ հիվանդանոց ընդունելու փաստաղթդթեր: Նա եղել է անգիտակից վիճակում, 40,5 աստիճան տաքություն է ունեցել, անկանոն, անհանգիստ շարժումներ է արել: Քանի որ վիճակը ծանր է եղել, անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Նրա մարմինն ամբողջությամբ պատված է եղել դեղնագույն անհայտ նյութով: Հարազատներն ընդունարանում ասել են, որ երեխայի մարմինն ամբողջությամբ քոր է եկել, կարծել են քոս է, ծծումբը խառնել են կարագի հետ ու քսել ամբողջ մարմնին: Վիճակը 12-ից սկսել է վատանալ, սակայն շտապօգնություն կանչել են այն ժամանակ, երբ արդեն կորցրել է գիտակցությունը:
Վերակենդանացման բաժանմունքում անմիջապես մտցրել են լոգարան՝ ծծումբը վրայից հանելու համար, այնուհետև արդեն անհրաժեշտ դեղորայք են տվել: Վիճակը շեշտակի վատացել է: Կապնվել են մանկական տոկսիկոլոգների հետ: Նրանք առաջարկել են ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, հնարավորինս շուտ տեղափոխել «Մուրացան» բժշկական կենտրոն: Մեր շտապօգնության մեքենան ամբողջությամբ համալրված է վերակենդանացման սարքավորումներով: Կազմվել է բրիգատ: Սակայն Էջմիածնի մոտ երեխայի վիճակը ծայրաստիճան վատացել է, սրտի ռիթմը խանգարվել է, միացրել են արհեստական շնչառություն: Երևան չհասնելու համար, մտել են Էջմիածնի հիվանդանոց, որտեղ էլ ընդունարանում արձանագրվել է կլինիկական մահ»:
ԲԿ-ի տնօրենն ասաց, որ մի քանի րոպե առաջ են ավարտել դատաբժշկական հերձումը, մասնակցել է հանրապետության գլխավոր դատաբժիշկը: Բոլոր նմուշները վերցված են՝ պարզելու համար, թե ինչից է մահացել 15-ամյա տղան: Դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ըստ օրենսդրության, մեկ ամսվա ընթացքում է պարզ լինում:
«Անհերքելի է, որ թունավորում է եղել»,-ասում է բժիշկը:
Տղան բնակվել է Արմավիր մարզի Մյասնիկյան գյուղում: Նա 5 օր առաջ էր Մոսկվայից վերադարձել Հայաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա