Մեկ տարում կաթնամթերքը թանկացել է 7.1%-ով, հացամթերքը` 1.4%-ով, մսամթերքը` 0.5%-ով. ԱՎԾ
2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 7.1%, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.3% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կաթնաշոռի՝ 3.0%, թթվասերի՝ 3.1%, մածունի 3.4% գնաճով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է «Չեդեր», «Լոռի» և «Չանախ» պանրատեսակների՝ համապատասխանաբար 0.5%, 1.5 և 1.7 % գնաճ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ կաթնամթերքի գներն աճել են 0.6-5.2%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում կաթնամթերքի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 2.8%-ով:
Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ նվազել է 2.4%-ով, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.8% գնաճ: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գրանցվել է ձվի 0.5-17.0% գնաճ, իսկ մայրաքաղաքում՝ 1.9% գնանկում:
Ինչ վերաբերում է հացամթերքի գներին, 2014թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հացամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1.4%, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է սիսեռի՝ 0.5%, մանկական շիլայի՝ 0.5%, թխվածքաբլիթի՝ 0.9%, ոլոռի` 1.5%, բրնձի` 2.8%, բլղուրի` 2.9%, ոսպի՝ 3.3%, լոբու՝ 4.1%, հնդկացորենի 6.6% գնաճով:
2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է շաքարավազի՝ 0.1%, սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.4%, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0.4%, հրուշակեղենի 0.8% գնաճ, իսկ ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.5%-ով, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 0.1% գնանկում: 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հավի բդի՝ 1.7%, տավարի մսի՝ 0.9%, ենթամսամթերքի (տավարի լյարդ, սիրտ) 0.7% գնանկում:
Միաժամանակ, խոզի միսը թանկացել է 0.4%-ով, խոզապուխտինը՝ 0.4%-ով, եփած և կիսաապխտած երշիկներինը՝ համապատասխանաբար 0.5% և 0.6%-ով, աղացած մսինը՝ 0.6%-ով, թռչնամսինը՝ 0.7%-ով, նրբերշիկինը՝ 0.9%-ով, բաստուրմայինը՝ 1.4%-ով, ոչխարի մսինը՝ 2.1%-ով:
2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 2.7% գնաճ, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.4% գնանկում:
2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ կենդանական և բուսական յուղերի և այլ մթերքի ապրանքախմբերում գրանցվել է գնանկում՝ կազմելով համապատասխանաբար 0.2% և 0.1%: