«13 տոկոսով կարելի է կրճատել մանկական մահացության թիվը, եթե ուժեղացվի կրծքով սնուցման խրախուսումը»
ՀՀ Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» նախագիծը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վստահություն» առողջապահական ՀԿ նախագահ Սուսաննա Հարությունյան:
Նրա խոսքերով` թեև օրենքը ուշացումով ընդունվեց, սակայն կարևորն այն է, որ վերջապես մեր երկրում նման օրենք կգործի:
«Նորածնին կրծքով սնուցելն անհրաժեշտություն է, քանի որ կրծքով սնուցումից զրկված երեխաները մի քանի անգամ ավելի հաճախ են հիվանդանում»,- ասաց նա:
Ըստ Ս. Հարությունյանի` ամենալավ արհեստական սնունդը երեխայի համար չի կարող մոր կաթին փոխարինող միջոց լինել: Նրա խոսքերով` մինչև 13 տոկոսով կարելի է կրճատել մանկական մահացության թիվը, եթե ուժեղացվի խրախուսումը կրծքով սնուցման:
Առողջապահական համաշխարհային կազմակերպության տվյալներով` կրծքով սնուցման միջոցով նվազում է մանկական մահացությունը. կազմակերպությունը սահմանում է նաև, որ մինչ 6 ամսական երեխաների համար արհեստական կաթնախառնուրդները պետք է տրվեն միայն դեղատոմսերով:
Անդրադառնալով կաթնախառնուրդներին խնդրին, մասնավորապես, դեղատներում վաճառվող և ծննդատներում առաջարկվող կաթնախառնուրդներին, Ս. Հարությունյանը նկատեց, որ օրենքի ընդունումը առաջին հերթին կնպաստի կաթնախառնուրդների վաճառքը խրախուսող գովազդի դադարեցմանը:
Նախորդող հրապարակում`
Ազգային Ժողովը վերջապես ընդունեց կրծքով կերակրման խրախուսման մասին օրենքը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան