Ուկրաինական հեռուստաալիքի` Արցախի մասին տեսանյութի հեղինակն արձագանքել է Բաքվի բողոքներին
Օրերս Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել էր ուկրաինական «1+1» հեռուստաընկերությանը «ապօրինի գործունեության» համար այն ռեպորտաժի պատճառով, որում պատմվում էր ՀՀ-ում, Արցախում ու Ադրբեջանում հասարակ մարդկանց կյանքի մասին «15 հանրապետություններ» նախագծի շրջանակներում: Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակի պաշտոնակատար Հիքմեթ Գաջիևը հայտնել է ռուսական «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը, թե հեռուստաընկերության աշխատակիցները, չսպասելով Բաքվի պաշտոնական թույլտվությանը, այցելել են Արցախ` նախապես չտեղեկացնելով ադրբեջանական կողմին:
Սակայն, մեկնաբանելով իրավիճակը, «15 հանրապետություններ» հաղորդման հեղինակ Դմիտրի Վոլկովը «Վկոնտակտե» սոցցցանցի իր էջում գրել է, որ պարզապես ճանապարհորդել է, ցույց տվել այն, ինչ տեսել ու լսել է, ուստի պետք չէ մեղադրել հեռուստաալիքին, առավել ևս` ամբողջ Ուկրաինային:
«Պետք չէ այստեղ տիեզերական դավադրության մասին թեորիաներ հորինել: Ես մեծ հարգանքով եմ վերաբերում աշխարհում բոլոր ժողովուրդներին»,- հայտարարել է նա` հավելելով, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն չի պատասխանել իրենց հարցումներից և ոչ մեկին, իսկ ահա հայերն արձագանքել են:
Ինչպես իր հերթին հայտնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քարտուղար Եվգենի Պերեբիյնիսը, մեկնաբանելով վերոհիշյալ տեսանյութի առնչությամբ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան` երկրի ԱԳՆ-ին հղած բողոքի նոտայի հանգամանքը, հայտարարել է, որ դա մասնավոր հեռուստաընկերություն է:
«Մենք իհարկե չենք կարող հրահանգներ տալ մասնավոր հեռուստաալիքներին»,- նշել է նա: