ՄԻԱՎ վարակակիրների թիվը հետխորհրդային տարածքում ավելի քան 105 հազար է
Հետխորհրդային տարածքում 2013 թվականին արձանագրվել է ՄԻԱՎ վարակի ավելի քան 105 հազար դեպք: Ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման եվրոպական կենտրոնի զեկույցում: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Այսպիսով. վարակակիրների քանակը 2004 թվականի համեմատ աճել է մոտ երկու անգամ. այն ժամանակ արձանագրվել էր շուրջ 50 հազար դեպք:
ԱՀԿ տվյալներով, հիվանդների թվի աճի պատճառներն են առանց պաշտպանվելու սեռական հարաբերությունները և թմրամիջոցների ներերակային օգտագործումը: Զեկույցում նշվում է, որ վարակակիրների ամենամեծ թիվը Ռուսաստանում է և Ուկրաինայում: Վարակվածների մեծամասնությունը 30-39 տարեկան է:
2013-ի վերջին աշխարհում ՄԻԱՎ վարակակիրների թիվը կազմել է շուրջ 35 միլիոն մարդ: