«Արմենիա Վայն» գինու գործարանի շամպայնները մինչև Ամանոր կլինեն հայկական և ռուսական շուկայում
Մինչև Ամանոր հայ սպառողին իր նոր արտադրանքը կներկայացնի «Արմենիա Վայն» գինու գործարանը: Ընկերությունն այսուհետև արտադրելու է հայկական շամպայնի երկու տեսակ:
Այսօր` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ծանոթացավ Սասունիկ համայնքի «Արմենիա Վայն» գինու գործարանում իրականացվող աշխատանքներին: Նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ «Արմենիա» հայկական շամպայնի առաջին շշալցումը:
Գինու գործարան այցելության ժամանակ Նախագահը շրջայց կատարեց գործարանի արտադրամասերում, ծանոթացավ արտադրական հզորություններին և զարգացման ծրագրերին:
Հայկական շամպայնի հեղինակները ֆրանսիացի և իտալացի հայտնի գինեգործներն են, որոնք հայկական «Կանգուն» խաղողի ավանդական տեսակից առաջին անգամ պատրաստել են բարձրորակ այս խմիչքը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Արմենիա Վայն» ընկերության գլխավոր խորհրդատու, ազգությամբ ֆրանսիացի գինեգործ Ժան-Բատիստ Սուլան, իրենց շամպայնը կառանձնանա իր նուրբ համով և թարմ բույրերով. «Այն բարձրորակ արտադրանք է: «Արմենիա» հայկական շամպայնը պատրաստված է հանրահայտ «Շառմա» մեթոդով, որն առաջին անգամ կիրառվել է 1907թ. ֆրանսիական Մոնպելիե քաղաքում»:
«Ես ուրախ կլինեի, եթե Բորդոյում արտադրվող բոլոր գինիներն ունենային այն բարձր որակը, ինչ «Արմենիա Վայն»-ի գինիներն են: Հայաստանը օրհնված է, քանի որ այստեղ կարողանում են արտադրել բարձրորակ խաղող, իսկ նման խաղող ամեն տեղ չէ, որ արտադրվում է: Որակյալ արտադրանք ստանալու համար նպաստում են նաև Հայաստանի հողն ու ջուրը»,- ասաց Ժան-Բատիստ Սուլան:
Ինչ վերաբերում է շամպայնի արտադրությանը, նա ընդգծեց, որ իրենց նպատակը շամպայնի որակը բարձրացնելն է՝ ֆրանսիական, իտալական շամպայնների մակարդակին հասցնելը. «Մենք կունենանք թարմ բալանսավորված թթվայնությամբ շամպայն, բնական արմատով և նուրբ պղպջակներով: Այդ պղպջակները գոյանում են բնական գործընթացի շնորհիվ, ոչ թե արհեստական»:
Նրա խոսքերով` «Շառմա» մեթոդը աշխարհում շամպայն-գինիների պատրաստման ամենահայտնի և ընդունված մեթոդներից է, որի ընթացքում բարձր ճնշմանը դիմակայող հսկա պահամաններում` ավտոկլավներում, գինու երկրորդային ֆերմենտացիայի (խմորման) ճանապարհով, տեղի է ունենում գինու բնական շամպայնիզացիա: Ի տարբերություն այլ շամպայնների, երբ CO2 գազը գինուն ավելացվում է արհեստական եղանակով, «Շառմա» մեթոդը պատրաստված շամպայնը ստացվում է բնական ճանապարհով: Բնականաբար, այս դեպքում շամպայնն առանձնանում է համային և որակական բարձր հատկանիշներով:
Գործարանի արտադրության տնօրեն Մաթիո Բեսոնեն էլ նշեց, որ շամպայնի պատրաստման ողջ գործընթացը բնական է և օգտագործվում են այն նույն մեթոդները, ինչ Ֆրանսիայում: Նշվեց նաև, որ «Արմենիա» հայկական շամպայնը առաջիկա ամսում կներկայանա Հայաստանի և Ռուսաստանի սպառողներին: Մինչև տարեվերջ նախատեսվում է արտադրել 100.000 շիշ շամպայն, իսկ 2015թ-ից արտադրության ծավալները կհասցնեն մինչև 1 միլիոն շշի:
Նշենք, որ գինու գործարանի կառուցման աշխատանքները սկսվել են 2008թ.-ին: Ընկերությունը 2008-2011թթ-ին կատարել է շուրջ 9.5 մլն եվրոյի ներդրում, այնուհետև 2012-2014թթ-ին՝ շամպայն գինիների արտադրության կազմակերպման համար 5.617 մլրդ դրամի ներդրում: Ներկայումս գործարանի մթերման հզորությունը կազմում է տարեկան մինչև 10 հազ. տոննա խաղող, իսկ տարեկան արտադրական հզորությունը՝ 6 մլն շիշ օղի, 4 մլն շիշ գինի, 3 մլն շիշ կոնյակ և 1 մլն շիշ շամպայն: