Այս տարի սպասում ենք ավելի տաք ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Առաջիկա ձմռան ընթացքում օդի ամսական միջին ջերմաստիճանը լինելու է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ, գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը:
«Ձմռան երեք ամիսներին տեղումների քանակը կլինի նորմայից ավելի: Գալիս ենք այն ենթադրության, որ այս տարի սպասում ենք մեր կլիմայական նորմայից ավելի տաք ձմեռ»,-նշեց Սուրենյանն՝ ավելացնելով, որ ձմեռը կլինի նաև ձնառատ:
Ըստ նրա՝ տաք ձմեռ ասելով չպետք է հասկանալ, որ ամբողջ ձմռան ընթացքում դիտվելու է միան բարձր ջերմաստիճան. «Չի բացառվում, որ ամբողջ ձմռան ընթացքում օդի ջերմաստիճանը բարձր լինի, սակայն երկու-երեք օր, պայմանավորված ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ, հնարավոր է դիտվի ջերմաստիճանի անկում մինչև -20 աստիճան»:
Գ.Սուրենյանը հորդորեց կատարել այգեքաղ:
Ներկա պահին հանրապետության տեղումների և ջերմաստիճանի մասին առավել մանրամասն՝ տեսանյութում: