Մասիսի բժշկական կենտրոնին կհատկացվի շուրջ երկու միլիոն ՀՀ դրամին համարժեք բժշկական պարագաներ և դեղեր
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունել է ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի աշակերտներին, ովքեր ցանկություն էին հայտնել անձամբ նախարարի հետ քննարկել իրենց քաղաքի բժշկական կենտրոնի վերազինման և այլ հարցեր: Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
«Առողջապահության համակարգում շարունակական բարեփոխումներ են ընթանում։ Կուզեի տեղյակ լինեք, որ այսօր առողջապահական համակարգերն առաջին հերթին խթանում են առողջ ապրելակերպը։ Եվ յուրաքանչյուր անձ պետք է իրազեկված լինի, թե ինչպես կարող է իր առողջությունը պահպանել և ինչ ռիսկեր գոյություն ունեն»,-ողջունելով աշակերտներին` ասել է նախարարը։
Հանդիպման գաղափարը «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպությանն է եղել, որը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդները երիտասարդների համար» ծրագիրը:
Կազմակերպության նախագահ Նարինե Սարգսյանը նշել է, որ ծրագրի նպատակն է 14-18 տարեկան երիտասարդների շրջանում բարձրացնել ժողովրդավարության սկզբունքների, առաջնորդության և մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև ձևավորել իրենց համայնքների հիմնախնդիրների վերհանման և դրանց հաղթահարմանն ուղղված ճանապարհների որոնման հմտությունները:
Նա շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար:
Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ղուկասյանը նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարության և Արարատի մարզպետարանի հետ քայլեր են ձեռնարկվում առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Մոտ օրերս ՀՀ առողջապահության նախարարության Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի կողմից Մասիսի բժշկական կենտրոնին կհատկացվի շուրջ երկու միլիոն ՀՀ դրամին համարժեք բժշկական պարագաներ և դեղեր:
Նախարարը պատասխանել է երեխաներին հետաքրքրող հարցերին: Նրանցից շատերը մասնագիտության ընտրության նախաշեմին են: Ապագայում բժիշկ դառնալ ցանկացողներին Արմեն Մուրադյանը հորդորել է լինել բարի և գթասիրտ։
«Բժիշկ լինելը կոչում է և միայն կրթություն ստանալը բավարար չէ։ Լավ բժիշկը պետք է անկախ աշխատանքային իր ժամից պատրաստ լինի օգնել ցանկացած դիմողի` առաջնորդվելով մարդասիրությամբ»,-ասել է նախարարը` շեշտելով, որ բժշկի բարձր կոչման արժանանալու համար մեծ զոհաբերություններ են անհրաժեշտ:
ՀՀ առողջապահության նախարարն աշակերտներին նաև ծանոթացրել է առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Արարատի մարզի առողջապահության և սոցիալական վարչության պետ Ստեփան Խաչատրյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, «Ապագան քոնն է» կազմակերպության, Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցի, ՀՀ ԱՆ աշխատակազմի ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա