«Արցախի ոստիկանությունն ունի անհրաժեշտ ներուժ՝ խնդիրները հաջողությամբ լուծելու համար»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Ոստիկանության հարգելի աշխատակիցներ և վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Այս տարի առաջին անգամ Ոստիկանության ծառայողի օրն Արցախում նշվում է նոյեմբերի 30-ին: Սա հիշարժան օր է, քանի որ համակարգի գործունեության արդյունքում է ապահովվում մեր քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի, հասարակության ու պետության շահերի պաշտպանությունը, պահպանվում հասարակական կարգը, իրականացվում պայքարը հանցավորության և իրավախախտումների դեմ:
Ոստիկանության յուրաքանչյուր աշխատակից պետք է խոր գիտակցությամբ և ամենայն պատասխանատվությամբ վերաբերվի իր մասնագիտական պարտականությունների կատարմանը: Ձեր աշխատանքն անմիջական ազդեցություն է ունենում մեր ժողովրդի բարեկեցության և ժողովրդավարության ուղին բռնած մեր անկախ պետության վարկանիշի վրա, ինչն էլ պահանջում է բարձր արհեստավարժություն, մարդկային ու բարոյական որակներ, հայրենասիրություն ու անձնվիրություն:
Վստահ եմ, որ Արցախի ոստիկանությունն ունի անհրաժեշտ ներուժ իր առջև դրված խնդիրները հաջողությամբ լուծելու համար և այսուհետ էլ կանի հնարավորը աշխատանքների արդյունավետության հետևողական բարձրացման ուղղությամբ: Իշխանություններն իրենց հերթին կշարունակեն ըստ ամենայնի աջակցել գերատեսչության ծառայողների աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավմանը:
Թանկագին բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում