ՀԿԿ առաջին քարտուղար. «Մեր կուսակցությունը կողմ է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրմանը»
«Մեր կուսակցությունը կողմ է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրմանը, ողջունում և խրախուսում է Սերժ Սարգսյանի այդ որոշումը»,-այսօր կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած Հայաստանի կոմունիստական կուսակցության 39-րդ համագումարին հայտարարեց ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:
Համագումարը սկսվեց ինտերնացիոնալով, վզկապներով և սովետական դրոշով ներս եկան պիոներները: Պիոներները իրենց ողջույնի խոսքը փոխանցեցին համագումարի մասնակիցներին: Կոմունիստները մեկ րոպե լռությամբ հարգեցին իրենց այն կուսակիցների հիշատակը, ովքեր հեռացել են կյանքից: ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը 12 երիտասարդի հանձնեց կուսակցական տոմսեր։
Իր խոսքում ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը նշեց, որ արտաքին քաղաքականության վեկտորի անխուսափելի հստակեցումը դարձավ հանրապետության անվտանգության ապահովման և հետագայում ՌԴ-ի կողմից նախաձեռնված ինտեգրացիոն կազմում դինամիկ զարգացում ապահովելու երաշխիքը:
Տ.Սարգսյանը կարևորել է Ռուսաստանի հետ ռազմավարական միության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը և խոստացել բոլոր կոմունիստների անունից՝ հետագայում ևս ակտիվ քայլեր ձեռնարկել եվրասիական ինտեգրման գործընթացի հաջող ավարտի ուղղությամբ:
Նրա խոսքոով, չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ հարցերում սկզբունքային տարաձայնություններ ունեն երկրի իշխանությունների հետ, կոմունիստները ամենաառաջին օրից ողջունել ենք ԵՏՄ-ին միանալու որոշումը:
Անդրադառնալով երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին Սարգսյանը նշեց, որ իրենց խնդիրն է ամեն մեկին և յուրաքանչյուրին ցույց տալ, որ կոմունիստական գաղափարները խիստ իրատեսակ են, սակայն չեն կարող կյանքի կոչվել կապիտալիզմի իշխանության պայմաններում:
Նրա խոսքով, միայն սոցիալիզմն է Հայաստանի փրկության ճանապարհը և այդ գաղափարը, որպես դրոշ, որպես պատգամ պետք է փոխանցեն սերնդե սերունդ:
«Հարգելի ընկերներ, այսօր արդեն կարելի է պնդել, որ մասնավոր սեփականատիրական կարգերը ամենուր միևնույն կերպ աղետալի են՝արտադրության ծավալների կտրուկ անկում, տնտեսական հզորությունների հիմնովին կորուստ, գների և գործազրկության աննախադեպ աճ, իշխանությունների կաշառվածություն վերից վար»,-նշեց Տ.Սարգսյանը:
Նա նշեց, որ Հայաստանում առկա է բնակչության շերտավորում և մեծ բևեռվածություն, ինչը հանգեցնում է նրան, որ մարդիկ իրենց բախտն են որոնում օտար երկրներում և հեռանում են Հայաստանից:
«Ժողովուրդը ստեղծված ծանր իրավիճակից ելքը տեսնում է սոցիալիստական կարգերի վերահաստատման մեջ»,- հավելեց Տ.Սարգսյանը: