«Մենք թույլ չենք տա խոշոր տնտեսվարողներին գնային չարաշահումներ իրականացնել»
«Այս միջոցառման նպատակն է գործարարներին ներկայացնել ԵՏՄ-ի շրջանակներում գործող մրցակցության կանոնները և սկզբունքները: Մեր տնտեսվարողներին միջոցառման շրջանակներում ներկայացվելու են նաև պաշտպանության մեխանիզմները, թե ինչպես են պատշտպանվելու մեր տնտեսվարողների շահերի ԵՏՄ-ի շրջանակներում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԵՏՄ-ի շրջանակներում ՀՀ-ի առջև կանգնած մարտահրավերներին և ակնկալվող օգուտներին նվիրված քննարկմանը ասաց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նա նշեց, որ ԵՏՄ-ի շրջանակներում հայկական տնտեսվարողները կարողանալու են մասնակցել պետական գնումների գործընթացին. «Մենք պաշտպանելու ենք մեր գործարարների շահերը և թույլ չենք տալու, որ մրցութային կանոնները կամ գործընթացները խաթարվեն: Մենք քննարկելու ենք նաև բողոքարկման գործընթացները: Անընդհատ դիտանցումներ ենք իրականացնում, որպեսզի թույլ չտանք խոշոր տնտեսվարողներին գնային չարաշահումներ իրականացնել»:
Ա.Շաբոյանի խոսքով, վերջին դիտանցումը իրականացվել է ուրբաթ օրը և որոշ ապրանքների նկատմամբ կան գների բարձրացումներ` հատկապես ներմուծվող ապրանքների հետ կապված և չպետք է մոռանալ, որ հայկական դրամը ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է այս ընթացքում:
«Մեծ չափով գնային բարձրացումները համահունչ են և այս պահի դրությամբ մեր մասնագետները գնագոյացման վերլուծություններ են իրականացնում պարզելու համար, թե արժեզրկումը ինչպես է ազդել գնայոկացման վրա»,-ասաց Ա.Շաբոյանը:
Ըստ նրա, կաթնամթերքի մասով գնային փոփոխություններ չեն նկատվել, իսկ գնային փոփոխությունները վերաբերվում են շաքարին, ձեթին, ալյուրին, ոսպին. «Գները ձևավորվում են առաջարկի և պահանջարկի հիման վրա և մենք մեր դիտարկման տակ ենք պահում այն շուկաները, որտեղ կան գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողներ»:
Անդրադառնալով Հայաստանում բենզինի գնին Շաբոյանը նշեց, որ միջազգային շուկայում բենզինի գների նվազում է նկատվել. «Մեր տնտեսվարողները բենզին են ներկրում հիմնականում Ռուսաստանից և մենք իրականացրել ենք նաև ռուսական շուկայի ուսումնասիրություններ և այնտեղ բենզինի գները նվազել են ավելի քիչ չափով: Երբ մենք համեմատում ենք ռուսական շուկայում բենզինի գինը մեր շուկայում բենզինի գների հետ, ապա Հայաստանում բենզինի գինը նվազել է»:
Հավելեց նաև, որ ռեգուլյար տեսակի բենզինի գնի 6.3%-ով նվազում է տեղի է ունեցել: