Ավագանու անդամներն արտագնա աշխատանքի են, նիստեր չեն կայանում
Արամավիրի մարզի Բաղրամյան գյուղի (Բաղրամյանի տարածաշրջան) ավագանու անդամներից միայն մեկն է աշխատանքի գալիս: Նիստերը չեն կայանում, որոշումներ չեն ընդունվում, քանի որ քվորում չի ապահովվում:
Գյուղապետ Կայծակ Մկրտչյանը Panorama.am-ին ասաց, որ առկա սոցիալական վատ պայմանների պատճառով ավագանու հինգ անդամներից երեքը մեկնում են արտագնա աշխատանքի, մեկն էլ հիվանդության պատճառով չի կարողանում մասնակցել նիստերին: Գործող ավագանու կին անդամն է մնացել՝ Դաշնակցական Ժաննա Թավակալովան:
Այստեղ ավագանու ընտրությունները կայացել են 2012-ի սեպտեմբերի 9-ին, հերթական ընտրություններին դեռ պետք է սպասել:
Իրավիճակից դուրս գալու համար դեկտեմբերի 21-ին այս համայնքում նշանակվել են ավագանու արտահերթ ընտրություններ: ԿԸՀ պաշտոնական կայքէջից Panorama.am-ը տեղեկացավ, որ այս անգամ ընտրություններում առաջադրվածների գերակշիռ մասը կանայք են:
Վեց թեկնածուներից չորսը կին է` Դաշնակցական Ժաննա Թավակալովան, ՀԿ-ականներ Մաքրուհի Ղազարյանն ու Ալվարդ Մարգարյանը, մյուս կինը անկուսակցական Մանիկ Մինասյանն է, երկուսը տղամարդ՝ անկուսակցական Գրիշա Ավետիսյանը և Նարեկ Տոնիկյանը:
Գյուղի ավագանին կազմված է հինգ անդամից, ուստի անկախ ընտրությունների արդյունքներից կանայք այս անգամ մեծամասնություն են կազմելու:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը