«Անթույլատրելի է նման օրենքի ընդունումը». Կանայք՝ ընդդեմ «նպաստների մասին» օրենքի
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը նույնիսկ վերափոխված տարբերակով, այնուամենայնիվ, բավականին խնդրահարույց է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնությունը անդամ Տաթևիկ Դավթյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին 67 կողմ, 7 դեմ, 25 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Ըստ նախագծի` 2015թ-ի հունվարից նախատեսվում է կրճատել աշխատող հղի կանանց մայրության նպաստը, իսկ 2016թ-ի հունվարից նպաստ վճարել չաշխատող կանանց:
Ըստ նրա, թեև վերափոխված նախագծով ավելի քիչ թվով կանայք կտուժեն, բայց այն իր մեջ հիմնարար բարոյափիլիսոփայական պրոբլեմներ է պարունակում:
Տ. Դավթյանն ասաց, որ օրենքում միաձուլվել են մայրության նպաստ և ժամանակավոր անաշխատունակության համար վճարվող նպաստ հասկացությունները: Պետության հայեցողությամբ տրամադրող գումարը պետք է տարբերակել այն գումարից, որ տրամադրվում է աշխատող մայրերին այն ժամանակահատվածի համար, որ նրանք հանգամանքներից ելնելով չեն աշխատում:
«Մենք Եվրոպական սոցիալական խարտիայից մի քանի քայլ հետ ենք կանգնում: Միտում կա, որ տարիների ընթացքում ապասոցիալական երկիր կդառնան, որտեղ կանանց ու մայրերի իրավունքները չեն հարգվում»,- ասաց Տ. Դավթյանը:
Նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանն ասաց, որ օրենքի հիմնական նպատակն է՝ տնտեսել, չվճարել այն կանանց, ովքեր աշխատել են ու արժանի են վճարման. «Անթույլատրելի է նման օրենքի ընդունումը»:
«Մենք կոչ ենք անում կառավարությանը հետ կանչել այս նախագիծը, ըստ ընթացակարգերի կազմակերպել մանրակրկիտ քննարկումներ: Եթե կառավարությունն ուզում է լավ լուծում գտնել, պետք է քննարկումների արդյունքում ռացիոնալ լուծում գտնել»,- ասաց Տ. Դավթյանը:
Նախաձեռնության ադամները համոզված են, որ այս օրենքով ոտնահարվում է կանանց իրավունքները:
Պատասխանելով հարցին, եթե ԱԺ-ում օրենքն ընդունվի, նախաձեռնությունն ի՞նչ քայլեր է նախատեսում իրականացնել, նա նշեց, որ դեռևս հստակեցված չէ, քանի որ սպասում են ԱԺ վերջնական որոշմանը: Միաժամանակ Տ. Դավթյանը հավելեց, որ ամենայն հավանականությամբ, կանցկացնեն բողոքի ակցիաներ, նաև նախագահի նստավայրի մոտ, կվիճարկեն նաև օրենքի սահմանադրականությունը: