Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը ձախողվեց. «Նախագիծը մնալու է ԱԺ օրակարգում»
Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» նախագիծն ԱԺ-ում արտահերթ կարգով չի քննարկվի, քանի որ անհրաժեշտ ստորագրությունը նա չկարողացավ հավաքել:
Սահմանված ժամկետում` մինչև դեկտեմբերի 1-ի ժամը 13:00-ն, ԱԺ քարտուղարությունից վերցված ձևաթղթի տակ ստորագրել էր երեք պատգամավոր` Ն.Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը, մինչդեռ անհրաժեշտ էր 44 ստորագրություն:
Լրագրողներին Փաշինյանն ասաց, որ նախագիծը մնալու է Ազգային ժողովի օրակարգում, որոշակի լրամշակումից հետո այն օրենսդրական նախաձեռնության կարգով կրկին դնելու է շրջանառության մեջ: Ըստ պատգամավորի, սա նշանակում է, որ հարցն առնվազն պետք է քննարկվի գլխադասային հանձնաժողովում և քվեարկության դրվի ԱԺ լիագումար նիստում` օրակարգում ընդգրկվելու համար:
Ներկայացնելով նման նախագիծ շրջանռության մեջ դնելու պատճառները, Ն. Փաշինյանն ասաց, որ նախագծում հիմնականում արծարծված են հարցեր, որոնց ինքն անդրադարձել է խորհրդարանական գործունեության ընթացքում:
«Սա արձանագրում է, որ խորհրդարանի ամբիոնից բարձրացված հարցերի լուծման գործում լինելու եմ հետևողական, պատգամավորական լիազորություններս լիարժեք օգտագործելու եմ` արծարծված հարցերը հանրային քաղաքական օրակարգում պահելու և դրանց լուծմանը հասնելու համար: Բացի այս, պատգամավոր եմ ընտրվել Հայ ազգային կոնգրես դաշինքի համամասնական ցուցակով, որի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկը Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցի հարուցումն է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե որոշ պատգամավորներ չեն միացել նախաձեռնությանն այն պատճառաբանությամբ, թե նախագիծը թույլ է, պատգամավորն ասաց, որ ինքը նախապես հայտարարել էր, որ նախագծում ներկայացված հիմնավորումները սպառիչ չեն և պատրաստ է բոլորի հետ քննարկել նախագիծը փոփոխությունների ենթարկելու հարցերը:
«Բոլոր նրանք, ովքեր կցանկանային միանալ նախաձեռնությանը կարող էին առաջարկներ ներկայացնել կամ կարող են նոր նման նախաձեռնությամբ հանդես գալ, որին ինքը կմիանա: Սա նախագիծ է, որը դե յուրե պետք է տանել առաջ: Մենք մեր քաղաքական դիրքորոշումները պետք է ոչ միայն արտահայտենք, այլ հակառակը` հարկավոր է այդ դիրքորոշումները նաև դե յուրե հիմնավորել»,- նշեց Ն. Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Արտաշես Գեղամյանի հայտարարությանը, պատգամավորն ասաց. «Բոլոր այն ուժերը, ովքեր համաձայն չեն Գեղամյանի հետ, կարող են հակադարձել այդ հայտարարությանը, իսկ ես կարող եմ ցույց տալ միայն այն երեք ստորագրությունները, որոնք առկա են այս փաստաթղթի տակ»:
Նախորդող հրապարակումներ՝
Փաշինյանի նախաձեռնության մասին. «Նախագահի քաղաքականությունն այս դժվարին պահին օգտվում է ԱԺ կողմից լիարժեք վստահությունից»
«Նախաձեռնությունը կրելու է մեկ քայլանոց պարտության բնույթ». ԲՀԿ-ի արձագանքը՝ Փաշինյանի նախաձեռնությանը
Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծը ներկայացրել է Ազգային ժողովում
Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության մասին
Ճիշտ չէ, որ «լակմուսային թուղթ» արտահայտությամբ ընդդիմադիրը ընդդիմադիրի հետ խոսի. Ա. Մարտիորսյան
Ենթադրելի է, որ հրաժարական պահանջող ուժերը պետք է միանան այս նախաձեռնությանը. Է.Մարուքյան
Բոլորի համար սա շատ լավ քննության պահ է. Զ. Փոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան