Հռոմի պապ. «Աղոթենք հանուն այն բանի, որ հայ և թուրք ժողովուրդների միջև հաշտեցում լինի»
Թուրքիայում եռօրյա այցով գտնվելուց հետո Իտալիա վերադառնալիս Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինը զրուցել է իրեն ուղեկցող լրագրողների հետ: Ի թիվս բազմաթիվ այլ հարցերի` պապին հղվել է նաև հետևյալը. «Ձեր ողջ այցի ընթացքում հայերի վերաբերյալ որևէ հայտարարությունով հանդես չեք եկել: Եկող տարի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցն է: Ի՞նչ եք մտածում այս կապակցությամբ»:
Ըստ թուրքական «Յենի Աքիթ» լրատվակայքի` Ֆրանցիսկոս 1-ինն ի պատասխան ասել է. «Թուրքիայի կառավարությունը անցյալ տարի մի ժեստ արեց: Նախկին վարչապետ Էրդողանն ուղերձ (ցավակցական) հղեց: Որոշները դա շատ փոքր քայլ համարեցին: Չգիտեմ՝ փոքր էր, թե մեծ, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ դա ձեռքմեկնում էր: Սա միշտ էլ դրական քայլ է: Ես կարող եմ ձեռքս քիչ կամ շատ մեկնել և սպասել, թե դիմացինս ինձ ինչ կասի: Իմ սրտի ցանկությունն է, որ թուրք-հայկական սահմանը բացվի: Այնքան լավ կլինի, որ այդ սահմանը բացվի: Ես գիտեմ, որ այդ տարածաշրջանում կան աշխարհաքաղաքական հարցեր, որոնք դժվարացնում են սահմանների բացումը, սակայն պետք է աղոթենք հանուն այն բանի, որ այս ժողովուրդների միջև հաշտեցում լինի: Պետք է օգնենք, որ այս իրավիճակը հարթվի: Ցանկանում եմ, որ գալիք տարին լինի թեկուզև փոքր ժեստերի, բայց մերձեցմանն ուղղված քայլերի տարի»:
Հռոմի պապն նաև տեղեկացրել է, որ այցելել է Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում հոսպիտալացված Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին: Հոգևոր հայրերի հանդիպումն անցել է դռնփակ պայմաններում և տևել է 15 րոպե: Պապը հայտնել է, որ Մութաֆյանը բավականին ծան հիվանդ է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները