Արտակ Շաբոյան. Ամեն ինչ արվելու է տեղական ընկերությունների շահերը ԵՏՄ-ում պաշտպանելու համար
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արգելվում են հակամրցակային գործողությունները, իսկ ԵՏՄ-ում սահմանվելու է մոնոպոլ բարձր գին և մոնոպոլ ցածր գին հասկացողությունները: ԵՏՄ-ում նախատեսված է լինելու տուգանքների ներքին սանդղակ և վերին սանդղակ»,-այսօր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից կազմակերպված 4 տասնյակ խոշոր ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ ԵՏՄ-ին անդամակցության հեռանկարներին նվիրված միջոցառմանը, ասաց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նա նշեց, որ ԵՏՄ-ում պատժամիջոցները կիրառվելու են առանձին իրավաբանական անձանց, ֆիզիկական անձանց և պաշտոնատար անձանց համար. «Ենթադրենք պետական գնումների ժամանակ պետական պաշտոնյան համաձայնության մեջ է մտել գործարարների հետ կամ ուղղորդել է նրանց, ապա տուգանք է սահմանվելու այդ պետական պաշտոնյայի նկատմամբ»:
Նրա խոսքով, իրենց հանձնաժողովը սերտորեն համագործակցելու է ԵՏՄ-ի մրցակցային հանձնաժողովի հետ, իսկ վերջնական որոշումը կայացվելու է ԵՏՄ-ի մրցակցային հանձնաժողովի կողմից. «Գործարարները բողոքները կարող են ներկայացնել ազգային մրցակցության հարցերով հանձնաժողով, ինչից հետո այդ դիմումը կարող է ուղարկվել ԵՏՄ-ի մրցակցության հարցերով հանձնաժողով»:
Ա.Շաբոյանը նշեց, որ վեց ամսվա ընթացքում իրենք օրենսդրական փոփոխություններ են ենթարկելու, որպեսզի համապատասխանեցնեն ազգային օրենսդրությունը ԵՏՄ-ի չափանիշներին: Նա հավելեց, որ ԵՏՄ-ի կանոնները վերաբերվելու են անդրսահմանային շուկաներին և իրենք ամեն ինչ կանեն տեղացի գործարարներին ու տեղական ընկերությունների շահերի ԵՏՄ-ի շրջանակներում պաշտպանելու համար: