Շուկայում նկատվող թանկացումների պատճառը տնտեսական «կարկատած» քաղաքականությունն է. Արմեն Պողոսյան
Հայաստանում ավանդույթ է դարձել տոների նախաշեմին սննդամթերքի գները բարձրացնել, սակայն այս տարի թանկացումներն ավելի շուտ սկսվեցին: Ամանորի տոների գնումներին դեռևս մեկ ամսից ավելի ժամանակ կա, բայց որոշ սննդատեսակներ արդեն իսկ թանկացել են և շարունակում են թանկանալ:
Panorama.am-ի թղթակից հետ զրույցում Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը նույնպես փաստեց, որ այս տարի ներքին շուկայում թանկացումներն ավելի շուտ են սկսվել, իսկ ապրանքներն էլ ավելի շատ թանկացել: Ըստ նրա` սովորաբար թանկացումները սկսվում էին Ամանորից 15-20 օր առաջ, իսկ այս տարի` նոյեմբերի կեսերից:
Ա.Պողոսյանի խոսքերով` սովորական թանկացումներին այս տարի ավելացել են մի քանի գործոններ: Առաջինը ռուսական ռուբլու արժեզրկումն է. «Մեր քաղաքացիներից շատերի համար ռուբլին եկամուտի աղբյուր է, մինչդեռ այն նվազագույն վարկանիշին է հասել: Հայաստան են վերադառնում արտագնա աշխատողները՝ Ամանորը հայրենիքում անցկացնելու համար։ Նրանք հիմնականում վերադառնում են Ռուսաստանից` իրենց հետ բերելով ռուբլի, որը արժեզրկվել է: Արդյունքում, մարդիկ լուրջ կորուստներ են ունենում»:
Ըստ Սպառողների միության նախագահի` Ամանորը ամենալավ տոներից մեկն է, բայց դրա հետ մեկտեղ այն շատ ծախսատար է: Հայաստանում մարդիկ «կաշվից դուրս են գալիս», որպեսզի պատշաճ սեղան գցեն. «Մեր բնակչության մեջ մի խավ կա, որը բանկերից վարկեր է վերցնում, որպեսզի Ամանորին պատշաճ սեղան ունենա»:
Նա նաև հավելեց, որ, եթե նախորդ տարի իրենց հաշվարկներով ամանորի ծախսերի համար պահանջվել է մոտ 200 դոլարին համարժեք դրամ` միջին սեղանի համար, ապա այս տարի դեռ չեն կարող ասել, քանի որ գները շարունակում են աճել:
Սպառողների միության նախագահը գտնում է, որ շուկայում նկատվող թանկացումների պատճառը տնտեսական «կարկատած» քաղաքականությունն է: Նրա խոսքերով` պետք է Կառավարությանը պարտադրել, որպեսզի ռացիոնալ վարի տնտեսությունը, իսկ դրա համար բոլոր եղանակները կան. «Մեզ մոտ չեմ տեսնում Կառավարության տնտեսական ճիգը, որը կբերի զարգացման և գնողունակության բարձրացման: Մեզ մոտ ամեն ինչ հակառակն է արվում»:
Ա.Պողոսյանը նաև ասաց. «Օրինակ` «Գազպրոմ Արմենիա»-ում («Հայռուսգազարդում») ՀՀ կառավարությունն ուներ 45 տոկոսի բաժնեմաս, հետո այն հասավ 20 տոկոսի, իսկ հետո` զրոյի: Փոխանակ 45 տոկոսը դառնար 60, 80, հակառակը արվեց»:
Ա.Պողոսյանի խոսքերով` օրինակները բազմաթիվ են, և սա մեկ անգամ ևս խոսում է այն մասին, որ կառավարությունը «կարկատած» քաղաքականություն է իրականացնում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները