«Հայէկոնոմբանկ»-ը ոսկու ձուլակտորներ ներմուծելիս մաքսային կանոններ է խախտել
«Հայէկոնոմբանկ»-ի համար Ավստրիայից ԱՄՆ թղթադրամներ ու ոսկու ձուլակտորներ ներմուծելիս «Ա.Բ.Ս. Քորփորեյշն» ընկերությունը թույլ է տվել մաքսային օրենսդրության պահանջների խախտում:
Ֆինանսների նախարարության Զվարթնոց մաքսատան պետ Վ. Թամրազյանի կազմած ակտից տեղեկանում ենք, որ հայտարարագիրը լրացնելիս ընկերության ձևակերպումների մասնագետը սխալ է թույլ տվել:
Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, հրավիրած նիստում նշվել է, որ ոչ ճիշտ տեղեկություններ տրամադրելը եղել է ոչ թե դիտավորության, այլ անզգուշության հետևանք, չի առաջացրել մաքսային վճարների չհաշվարկում կամ պակաս հաշվարկում:
Մաքսատան պետի որոշմամբ, Մաքսային օրենսգրքի 203 հոդվածի առաջին մասի պահանջների խախտման համար «Ա.Բ.Ս. Քորփորեյշն» ընկերության մասնագետը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով հիսուն հազար դրամով: