Գեներալ Ջազայերի. Իրանն ու ԱՄՆ-ն չեն համագործակցում Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարում
«Իրանն ու ԱՄՆ-ն չեն համագործակցում Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարում»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ Սեյյեդ Մասուդ Ջազայերին:
Իրանցի գեներալը, հերքելով արևմտյան մի շարք լրատվամիջոցների հրապարակած տեղեկատվությունն առ այն, թե Իրանի կործանիչներն Միացյալ Նահանգներին աջակցում են «Իսլամական պետության» դեմ պայքարում, մասնավորապես նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը Իրաքում անկայունության առաջացման և ահաբեկչական խմբավորումների կատարած գործողությունների մեղավորը համարում է Միացյալ Նահանգներին, և եթե ԱՄՆ-ի աջակցությունը չլիներ, ապա այսօր աշխարհը Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների կողմից մարդկանց կոտորածների և քաղաքների ենթակառուցվածքների կործանման ականատեսը չէր լինի»:
Հավելենք, որ օրերս իրանական «Էթեդալ.իռ» կայքը՝ հղում անելով ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականին, տեղեկացրել էր, որ «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Իսլամական պետության» հարցով Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին գաղտնի նամակ է ուղարկել, որտեղ նշել է, որ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ պայքարելու հարցում Իրանն ու Միացյալ Նահանգներն ունեն ընդհանուր շահեր»: