Իրան-Ադրբեջան հակամարտությունը վերսկսում է՝ այս անգամ «Կասպիական ձիու» պատկանելիության շուրջ
«Ադրբեջանում «Կասպիական ձի» գոյություն չունի, այն կատարելապես իրանական ձի է»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Մասուդ Խալիլին:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ ադրբեջանական որոշ կայքեր տեղեկատվություն են հրապարակել առ այն, թե փոքր տեսակի ձին, որը հայտնի է «Կասպիական ձի» անվամբ իրականում կասպիական չէ, այլև այն ունի կովկասյան արմատներ:
Իրանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահը, հերքելով ադրբեջանական կողմի վերոնշյալ պնդումները, նշել է. «Ադրբեջանում նման տեսակի ձի գոյություն չունի. հետևաբար «Կասպիական ձիուկը» համաշխարհային մակարդակով չի գրանցվել Ադրբեջանի անվանը, այն կատարելապես իրանական ձի է»:
«ԻՌՆԱ»-ի հաղորդմամբ՝ վերջին տասնամյակներին բազմացման նպատակով Իրանից Միացյալ Նահանգներ և Մեծ Բրիտանիա է արտահանվել «Կասպիական ձիեր»: Այդ ձիու տեսակի պաշտպանության նպատակով ստեղծված կազմակերպություններ են գործում աշխարհի 15 երկրներում, որոնց համակարգող կազմակերպությունը գտնվում է Մեծ Բրիտանիայում:
«Այդ ձիատեսակի պաշտպանության հարցով Անգլիայում գործող կազմակերպությանը անդամակցում է նաև Իրանը. Այդ կազմակերպության համաշխարհային ժողովը եկող տարի անցկացվելու է Իրանում»,-տեղեկացրել է Իրանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Մասուդ Խալիլին:
Նկատենք, որ մշակութային և պատմական հարցերի շուրջ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին զգալի տարաձայնություններ են առաջացել: Իրանական կողմի պնդմամբ՝ Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին որպես ադրբեջանական ներկայացնելուց՝ սեփականացնում է նաև իրանական երաժշտական գործիքները, ճոկան մարզախաղը, ինչն էլ հարուցում է իրանցի պաշտոնյաների և արվեստագետների դժգոհությունը:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Իրանցի պաշտոնյա. Ճոկանի հայրենիքն Իրանն է և այն ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ադրբեջանի անվանը գրանցելը խարդախություն է
ԻԻՀ մշակույթի նախարարի հորդորը Ադրբեջանին. Կարճամիտները, որոնք ջանում են վերացնել Իրանի մշակույթը, չեն հասնի իրենց նպատակին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում