Իրաքի բանակը հետ է գրավել շրջանը, որտեղ քիմիական զենքի պաշարներ կան
Իրաքի բանակը «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայիններին դուրս է մղել այն շրջանից, որտեղ գտնվում են Սադդամ Հուսեյնի կառավարման ժամանակաշրջանից արտադրված քիմիական զենքի պաշարներ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Իրաքի ԱԳ փոխնախարար Մուհամեդ Ջավադ Ալ-Դորակիին:
Ըստ փոխնախարարի տարածած հայտարարության` ԻԼԻՊ-ի գրոհայինները այդ տարածքում իրենց վերահսկողությունն էին սահմանել դեռ հունիսին, սակայն նրանց չի հաջողվել բացել երկու բունկերը, որտեղ բացի քիմիական նյութերից պահվել են նաև հրթիռներ և սարքավորումներ:
Ալ-Դորակիի խոսքով, մի քանի տասնյակ միլիոն դոլար արժողությամբ պահեստը կառուցվել է ամերիկյան միջոցներով: Այն նախատեսված էր քիմիական նյութերի ոչնչացման համար:
«Իրաքի բանակը վերջին շրջանում հայտանաբերել է Մութանա տեղանքը և դեպի այնտեղ տանող ճանապարհը: Ռազմական ինժեներները ներկայում աշխատում են տարածքի ականազերծմամբ: Ահաբեկիչներին չի հաջողվել մտնել բունկերներ»,-ՔԶԱԿ տարեկան համաժողովի ժամանակ հայտարարել է Ալ-Դորակին: