Ինչո՞ւ արժևորվեց դոլարը, ի՞նչ զարգացումներ են սպասվում. Տնտեսագետի դիտարկումները
Հայաստանում դոլարի արժևորման պատճառները տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանն օբյեկտիվ է համարում: Panorama.am-ի հետ զրույցում նա բացատրեց, որ փոխարժեքի ձևավորում է պայմանավորված Հայաստան մտնող ու երկրից դուրս եկող դոլարի քանակությամբ: Նրա խոսքով, վերջին մի քանի տարիներին մուտքերն ու ելքերը հիմնականում նույն քանակությամբ են եղել, թեև մենք ունեցել ենք արտաքին առևտրի բացասական սալդո, սակայն այդ տարբերությունը միշտ կոմպեսացվել է տրանսֆերտների միջոցով, ինչը հնարավորություն էր տալիս խուսափել փոխարժեքի տատանումներից:
«Տրասնֆերտների մոտ 90%-ը Ռուսաստանից է գալիս: Այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները հանգեցրեցին նրան, որ տրանսֆերտները կտրուկ նվազեցին, նաև պաշտոնական աղբյուրներն են հիմա դա փաստում: Դա պայմանավորված է ռուբլու արժեզրկման հետ, այսինքն մեր հայրենակիցներն արդեն ավելի քիչ դոլար են աշխատում՝ ուղարկելու համար, քանի որ եկամուտները ռուբլիով են: Նաև տնտեսությունն այնպիսի վիճակում է, որ եկամուտների նվազում էլ կա»,-ներկայացրեց տնտեսագետը:
Ստեղծված իրավիճակում դոլարի նվազում տեղի ունեցավ, դրան էլ գումարած Ամանորի կապակցությամբ վերջին եռամսյակում ներմուծման ծավալներն ավելացան, իսկ դա նշանակում է, որ Հայաստան եկած դոլարի փոքր ծավալների նկատմամբ ձևավորվեց մեծ պահանջարկ, տնտեսվարողները ցանկանում էին դոլար ձեռք բերել ապրանքներ ներմուծելու համար:
«Այսինքն պահանջարկը գերազանցում էր առաջարկը, ինչն էլ հանգեցրեց դոլարի փոխարժեքի բարձրացմանը: Կենտրոնական բանկը վերջին մեկ ամսվա ընթացքում փորձեց զսպել: Թվում է ԿԲ-ն միջամտում է, սակայն նման բան չկա, այն դրամավարկային քաղաքականության գործիքներից մեկով փորձում է շուկան կարգավորել, դա ուղղված է պահանջարկի բավարարմանը, ոչ թե փոխարժեքի կարգավորմանը»,-կարծիք հայտնեց տնտեսագետը:
Նա բացատրեց, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սպասումները ևս ազդում են փոխարժեքի ձևավորման վրա. «Այսինքն փոխարժեքի բարձրացումը հասարակության մոտ ձևավորում է բացասական տրամադրություններ: Քաղաքացիներն ու տնտեսվարողները մտածում են, որ փոխարժեքն էլի է բարձրանալու, և հակառակը, եթե փոխարժեքն իջնում է, մտածում են՝ էլի է իջնելու: Այդ սպասումները նպաստում են այն բանին, որ մարդիկ սկսում են դոլար առնել նույնիսկ եթե այսօր դրա կարիքը չունեն: Այսինքն, եթե մի տնտեսվարողի դոլարը պետք է մի քանի ամիս հետո, նա բացասական սպասումներից ելնելով, այսօր է գնում: Դա էլ իր հերթին լրացուցիչ պահանջարկ է ձևավորում, առաջանում է դոմինոյի էֆեկտ»:
Հենց այս հանգամանքով է տնտեսագետը բացատրում փոխանակման կետերի կողմից դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումը՝ միաժամանակ դա որակելով որպես սպեկուլյացիա:
«Տնտեսվարողներն ու փոխանակման կետերը փորձում են ավելի մեծ բացասական էֆեկտ հաղորդել իրավիճակին: Փոխանակման կետը կարող է մեկ դոլարի արժեքը սահմանել 470 դրամ՝ դրանով փորձելով շուկայում մթնոլորտ ստեղծել, թե շուտով փոխարժեքը կտրուկ բարձրանալու է, որպեսզի մարդիկ էլ սկսեն այդ գնով դոլար առնել»:
Մ. Առաքելյանն առաջիկա զարգացումների մասին կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է համարում, բայց մի քանի դիտարկում անում է. «Նոր տարվա համար ներմուծման մեծ մասն արդեն կատարվել է, այսինքն ներմուծումը գնալով կսկսի նվազել, դրան զուգահեռ որոշ չափով կնվազի նաև դոլարի նկատմամբ առկա պահանջարկը: Սպասումներն էլ մի քիչ կհանդարտվեն: Փոխարժեքի լուրջ տատանումներ, կարծում եմ, չեն լինի: Նոր տարուց հետո առաջին երկու ամիսը պասիվ է, լուրջ շարժեր չեն լինում տնտեսության մեջ: Փոխարժեքի այս տատանումները նորմալ են, այսինքն հինգ տարի անց դոլարի 10 տոկոս արժևորումը լուրջ ֆինանսական ողբերգություն չի: Նման բան շատ երկրներում է տեղի ունենում: Չեմ կարծում, որ սրանից ավելի կբարձրանա»:
Մասնագետի խոսքով, Հայաստանի տնտեսության վրա վատ ազդեցություն կարող է թողնել Ռուսաստանի՝ օր օրի վաթարացող վիճակը:
Ինչ վերաբերում է հարցին, թե որքանո՞վ է գրանցված գնաճը համահունչ դրամի արժեզրկմանը, տնտեսագետը նկատեց, որ չնայած ապրանքների մեծ մասը ներմուծվել են մինչև դոլարի արժևորումը, սակայն դրանք էլ տնտեսվարողները թանկով են վաճառելու: Պատճառը մոնոպոլացված ու գերիշխողներով հարուստ տնտեսությունն է:
«Դոլարի փոխարժեքի բարձրացումը պարբերաբար դառնում է այն գործոնը, որ բերում է ապրանքների ոչ օբյեկտիվ բարձրացման: Նույնիսկ տեղական արտադրության ապրանքներն են թանկանում, օրինակ՝ կաթնամթերքը: Այն որ տնտեսության մեջ անարդար թանկացումներ են ֆիքսվում, փաստ է»,-նկատեց նա:
Մ. Առաքելյանը ցավով փաստեց, որ ներմուծվող ապրանքների մեջ շատ են առաջին անհրաժեշտության ապրանքները. «Ցավով դրանց գերակշիռ մասը մենք ներմուծում ենք, ու ամեն օր յուրաքանչյուր ընտանիք ստիպված է թանկ գնով առնել բնամթերք, հաց, կաթնամթերք»:
Նախորդող հրապարակում՝
ԿԲ-ն կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները