Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը կասեցնում է «Հարավային հոսք» նախագծի իրականացումը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն հայտարարել է, թե Ռուսաստանը ստիպված է կասեցնել Սև ծովի հատակով ռուսական գազը Եվրոպա արտահանող «Հարավային հոսք» նախագծի իրականացումը: Այս մասին, «Իտառ-Տասս» գործակալության տեղեկացմամբ, Պուտինն հայտարարել է նախօրեին Անկարայում Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանի հետ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս թույլտվություն չենք ստացել Բուլղարիայից, Ռուսաստանն այս պայմաններում չի կարող իրականացնել տվյալ նախագիծը: Նկատի ունեմ, որ այժմ անհրաժեշտ է սկսել գազատարի շինարարական աշխատանքները Սև ծովում, և չենք կարող դա սկսել այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել Բուլղարիայի համաձայնությունը»,-ասել է Պուտինը:
Որպես նախագծի կասեցման պատճառ Պուտինը նշել է Եվրահանձնաժողովի «ոչ կառուցողական դիրքորոշումը»:
«Եթե Բուլղարիան զրկված է որպես ինքնուրույն պետություն գործելու հնարավորությունից, ապա գոնե փորձի փոխհատուցում պահանջել Եվրահանձաժողովից իր չունեցած եկամուտների դիմաց, քանի որ այդ նախագծի արդյունքում միայն ուղիղ եկամտային մուտքերը Բուլղարիայի բյուջե կազմելու էին տարեկան շուրջ 400 միլիոն եվրո»,- ասել է Պուտինը:
Վլադիմիր Պուտինն հայտարարել է նաև, թե եթե Եվրոպան չի ցանկանում իրականացնել այս նախագիծը, այն չի իրականացվի, իսկ Ռուսաստանը կուղղի իր էներգառեսուրսներն աշխարհի այլ տարածաշրջաններ:
Նշենք, 900 կմ երկարությամբ և տարեկան 63 միլիարդ խորանարդ մետր կարողությամբ «Հարավային Հոսք» գազատարը նախատեսում էր ռուսական գազը Ուկրաինայի տարածքը շրջանցող ճանապարհով գազ արտահանել հարավային Եվրոպա, մասնավորապես՝ Բուլղարիա և Իտալիա, սակայն ուկրաինական հակամարտության համատեքստում Եվրահանձնաժողովը ճնշումներ բանեցրեց նախագծում ընդգրկված պետությունների նկատմամբ, ինչի հետևանքով Բուլղարիան չտրամադրեց շինարարական աշխատանքներ սկսելու թույլտվությունը: