Ռ. Սաֆրաստյան. Պետք է սպասել, որ Լատինական Ամերիկայի այլ երկրներ կամաց-կամաց կհետևեն այս երկրների օրինակին
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների լավ կազմակերպումն ու ամբողջ աշխարհով մեկ Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվության տարածելումը մեծապես կնպաստի Ցեղասպաության ճանաչման ու դատապարտման գործին: Ճանաչման գործընթացը նոր խթան կստանա ու ավելի արագ կընթանա աշխարհով մեկ»,- Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Ըստ նրա, Ցեղասպանության 100-րդ տարելիցը բավականին կընդլայնի աշխարհով մեկ Հայոց ցեղասպանության մասին ավելի շատ տեղեկատվություն տարածելու հայկական կողմի հնարավորությունները. «Կան շատ երկրներ, հասարակություններ ու մտավորականներ, ովքեր ուղղակի ծանոթ չեն, թե ինչ է կատարվել 1915 թվականին»:
Արևելագետը չբացառեց, որ մինչև 2015 թվականին ապրիլի 24-ը կլինեն երկրներ, որոնք կճանաչեն Հայոց ցեղասպանությունը:
«Չի կարելի բացառել, բայց նաև չի կարելի հաստատ ասել: Տարվում է լարված, ամենօրյա աշխատանք, սակայն արդյունքները, ժամկետները կանխատեսել շատ դժվար է»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը՝ հավելելով, որ չի կասկածում, որ ամբողջ աշխարհում հայկական դիվանագիտությունն այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում:
Բոլիվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված արևելագետն ասաց, որ սպասելի քայլ էր. «Որոշ չափով սպասելի էր, որովհետև Լատինական Ամերիկայի ամենակարևոր երկրներից մեկը՝ Արգենտինան, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ճանաչել է նաև Ուրուգվայը: Պետք է սպասել, որ Լատինական Ամերիկայի այլ երկրներ կամաց-կամաց կհետևեն այս երկրների օրինակին»:
Ռ. Սաֆրաստյանը միաժամանակ հավելեց, որ ևս մեկ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը հասնելու համար բավականին մեծ աշխատանք է տարվել, ինչպես հայկական կազմակերպությունների, այնպես էլ հայկական դիվանագիտության կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին