«Ինչ ընտրել՝ գեղեցիկ խոստումները, թե ֆիզիկական գոյությունը». Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
«Չպետք է ծայրահեղ ակնոցներով ներկայացնել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու փաստը: Դահլիճում հնչեցին ելույթներ, թե Հայաստանի վերջն է կամ փրկությունը: Ընթացիկ մի գործընթաց է»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, իրենք որպես քաղաքական ուժ, բնականաբար, ամենալավ տարբերակը համարում են որևէ միությանը չամդամակցելը, այլ համագործակցել բոլորի հետ` ապահովել Հայաստանի համար անվտանգության բարձր մակարդակ:
«Ստեղծված իրավիճակում ի՞նչ ընտրել՝ գեղեցիկ խոստումները ի դեմս եվրոպական արժեքային համակարգի, թե ֆիզիկական գոյությունը: Այս տեսանկյունից առաջին որոշումը կանգնում է հետևյալի վրա՝ ընտրել ֆիզիկական գոյությունը, անվտանգությունը: Արդյո՞ք այս միությունը երաշխավորում է անվտանգությունը: Բացարձակապես ոչ, բայց հակառակը վստահաբար կնվնասի անվտանգությունը: ԵՏՄ-ին անդամակցելու որոշման կայացման հիմքը, բնականաբար, սա է»,- ասաց Ա. Մինասյանը:
Ինչ վերաբերում է այն դիտարկումները, թե Հայաստանը անդամակցելով ԵՏՄ-ին, զիջում է իր ֆինանսական ինքնուրույնությունը, Ա. Մինասյանը չհամաձայնվեց. «Հիմա էլ Հայաստանն ինքնուրույն դրամավարկային քաղաքականություն չի վարում: Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջների ներքո այնպիսի սահմանափակումներ են, որ հնարավոր չէ ինքնուրույն վարել: Ժամանակակից աշխարահի բնութագրիչ առանձնահատկությունն է: Չի կարելի մեղքը բարդել տնտեսական միության վրա, կարևոր է, որ մենք դրամավարկային քաղաքականության շրջանակներում տեսնենք, թե ինչպիսի արժութային զամբյուղի քաղաքականություն պետք է վարել: Եթե միայն հիմնվենք ռուբլու կամ դոլարի վրա, պրոբլեմ կունենանք: Պետք է ճիշտ ընտրվի արժութային զամբյուղը, որը կբարելավի Հայաստանի վճարային հաշվեկշիռը»:
Եզրափակելով իր խոսքը՝ ՀՅԴ խմբակցության անդամն ասաց, որ իրենք դեմ չեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները