Դրամի արժեզրկման դեպքում հնարավո՞ր է դեղերի թանկացում. հարց նախարարին
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում տեղի ունեցած զանգվածային թունավորման դեպքին` նշեց, որ այս պահի դրությամբ իրավիճակը կայունացել է, իսկ երեխաների մեծ մասն արդեն հիվանդանոցներից դուրս են գրվել:
Նրա խոսքերով` ամբողջ ծավալով իրականացրել են բուժական ծառայություններ. «Եթե չեմ սխալվում, այս պահին 6 հիվանդ Եղվարդում է, մեկ հիվանդ էլ` Երևանում»:
Պատասխանելով լրագրողներից մեկ հարցին, թե դրամի արժեզրկման դեպքում հնարավո՞ր է դեղերի թանկացում, Ա. Մուրադյանն ասաց, որ չի կարող կանխատեսումներ անել, թե տարադրամի փոփոխությունը որքանով կարող է անդրադառնալ դեղորայքի թանկացման վրա:
«Եթե լինեն լուրջ փոփոխություններ, չեմ բացառում, որ ինչպես մնացած ապրանքները, այնպես էլ դեղորայքը թանկանա: Այս պահին նման խնդիր չկա, և մենք անում ենք ամեն ինչ, որ կենսական նշանակություն ունեցող դեղորայքը չենթարկվի գների փոփոխության: Երեկվա տվյալներով` նման փոփոխություններ չեն եղել»,- նշեց առողջապահության նախարարը: