Ինչո՞ւ է մսամթերքը թանկացել. Պարզաբանում է գյուղատնտեսության նախարարության պաշտոնյան
Ամանորի նախաշեմին տավարի և ոչխարի մսի թանկացում չի սպասվում, բայց խոզի ազդրամսի թանկացում սպասվում է: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։
Վարչության պետը նշեց նաև, որ բացի խոզի մսից, մսամթերքի շուկայում այլ թանկացումներ ևս կլինեն. «Արդեն այդ տենդենցը կա, ինչը հիմնականում պայմանավորված է դրսից ներկրվող մսամթերքի գնի բարձրացմամբ: Ներկրողները այն հիմնականում գնում են ԱՄՆ դոլարով, որը վերջին օրերին արժեվորվել է: Մսամթերքի թանկացումը աննշան կշարունակվի մինչև տարեվերջ»:
Ինչ վերաբերում է խոզի մսին, Ա. Հովհաննիսյանը նկատեց, որ այն արդեն մի քանի ամիս է թանկացել է: Դա պայմանավորված է ոչ թե Նոր տարվա կամ դրամի արժեզրկման հետ, այլ խոզի գլխաքանակի նվազմամբ. «2014թ-ի հունվարի 1-ի դրությամբ խոզի գլխաքանակը ավելի քան 5 հազարով նվազել է: Պատճառներից մեկն այն է, որ երբ նախորդ տարի մսի գինը նվազեց, մարդիկ հրաժարվեցին խոզաբուժությամբ զբաղվել: Դրա համար գլխաքանակը նվազեց, ինչն էլ բերեց մսի գների բարձրացման»:
Աշոտ Հովհաննիսյանն ասաց, որ այսօր մայրաքաղաքի խանութներում 1 կգ խոզի միսը վաճառվում է 3500-3600 դրամով, իսկ կողամիսը` 4000-4200 դրամի սահմաններում. «Կարծում եմ, որ խոզի մսի գինն էլի կաճի»:
Ա. Հովհաննիսյանը նշեց նաև, որ 2014թ. արդյունքներով մսի արտադրությունը Հայաստանում կաճի 10-11%-ով՝ կազմելով 165 000 տոննա: