Ադրբեջանի ՊՆ-ն խուսափում է մեկնաբանել ոչ մարտական կորուստն ու բանակում ապօրինությունները
Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Գեդաբեկում տեղակայված զորամասերից մեկում Աղդաշի շրջանից պարտադիր զինծառայության զորակոչված զինծառայող Նուրլան Ալի օղլու Դադաշովն իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակից տեղում մահացել է: Այս մասին որոշ ժամանակ առաջ հայտնել էր ադրբեջանական MeydanTV հեռուստաալիքի կայքը:
Վերջերս էլ MeydanTV-ին իր աղբյուրները տեղեկացրել են, թե զինծառայողներին այս տարի չի տրվելու տարվա վերջում իրենց հասանելիք թվով 13-րդ աշխատավարձը. որպես պատճառ նշվում է բյուջեում միջոցների բացակայությունը: Ըստ աղբյուրի` զինծառայողների շարքերում լուրեր են շրջանառվում այն մասին, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մտադիր է առհասարակ վերացնել 13-րդ աշխատավարձը:
Այս երկու տեղեկություններն էլ ճշտելու նպատակով Meydan TV-ն ՊՆ-ին գրավոր հարցապնդում է ուղարկել, սակայն, արդեն երկրորդ շաբաթն է` որևէ արձագանք չկա: Նախարարության մամուլի խոսնակ Վագիֆ Դերգահլըն հեռուստաալիքի թղթակցին ամեն անգամ պատասխանում է, որ Բաքվում չէ, և թե անհրաժեշտ տեղեկությունները հրապարակվում են ՊՆ պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ 2013-ի հոկտեմբերին Զաքիր Հասանովի՝ պաշտպանության նախարար նշանակվելուց ի վեր ադրբեջանական մամուլում առավել հաճախ դարձան դժգոհությունները ՊՆ մամուլի ծառայության ոչ արդյունավետ աշխատանքից: Բողոքներն առավել սրվեցին 2014-ի օգոստոսի սկզբին առաջնագծում լարվածության ու ադրբեջանական զինուժի ունեցած մեծ թվով կորուստների հետ մեկտեղ, երբ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը կամ չէր մեկնաբանում կամ էլ հակասական տեղեկություններ էր տալիս դրանց առնչությամբ: Բացի այդ, ՊՆ-ն էլ իր հերթին 2014-ի ընթացքում ժամանակ առ ժամանակ հանդես է եկել հաղորդագրություններով՝ դժգոհելով ԶԼՄ-ների աշխատանքից ու մեղադրելով նրանց «ռազմական գաղտնիքներ» հրապարակելու համար:
Ուշագրավ է, որ օգոստոսյան դեպքերից հետո՝ սեպտեմբերին, նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց մի հրամանագիր, որը միտված էր այդ թվում ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակմանը ռազմական լուրեր և սահմանամերձ շրջանների իրադրությունը լուսաբանելիս:
Նյութեր թեմայի շուրջ՝
Ադրբեջանի ռազմական փորձագետները մերկացրել են «հարձակվող ուղղաթիռի» մասին երկրի պաշտպանության նախարարության կեղծիքը
11 զոհ՝ Ադրբեջանի բանակում. «Դիվերսիա անելիս թող մտածեին, որ կորուստներ են ունենալու»