«Ազգային պատականելիությունը միայն ազգին ծառայելով է որոշվում». Մովսես Գորգիսյանը կդառնար 53 տարեկան
«Իմ մեկնած ձեռքում արդարության զենքն է, և եթե որևէ մեկը կսեղմի այն ես միայն երջանիկ կլինեմ». Մովսես Գորգիսյան:
Այսօր ազգային հերոս Մովսես Գորգիսյանը կդառնար 53 տարեկան:
«Նստած մտածում էի, հավերժ 27-ամյա հայրիկիս 53-ամյակն է: Հայրենիքն ինձանից շատ սիրեց, դրա համար ծաղիկներ միայն կարող եմ գնել…»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Գորգիսյանի դուստրը՝ Գոհարը:
«Չպետք է թույլ տալ, որ Հայաստանի անկախության ճանապարհի ազատագրական պայքարը շեղվի ու վերածվի որևէ կուսակցության ու գաղափարի հակադրության, այլ մնա ի շահ հայ ժողովրդի նվիրական երազանքի, արդար պահանջատիրության, ի շահ մարդասիրության ու պայքարի»:
Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961թ. Երևանում։ 1984թ. ավարտել է Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։ 1986-87թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։ 1987թ. Ազգային ինքնորոշում միավորման անդամ էր և «Հրապարակայնություն» ու «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր-խմբագիրը։
1988թ. մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրել է Եռագույն դրոշ։
1989թ. «Անկախության բանակի» հիմնադիրներից է։ 1989թ.-ից հանդես է եկել Հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված ելույթներով ու հրապարակումներով։ Արցախյան շարժման սկզբին հանրահավաքներում պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջը։
1990թ. հունվարի 18-ին, վիճակը կտրուկ սրվել էր Արարատի շրջանի՝ Նախիջևանին սահմանամերձ գոտում. ադրբեջանական զինյալներն իշխող բարձունքից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակավայրերը։
Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրել են թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավել մեծ քանակությամբ զինամթերք։ Մովսեսը ջոկատով գրոհել է բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվել են, սակայն մարտում ընկել է նաև ինքը։
Մովսես Գորգիսյանը թաղված է Ծիծեռնակաբերդում։ Նրան ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհվել է հետմահու (20.09.1996): Գորգիսյանը նաև պարգևատրվել է ՀՀ բարձրագույն Հայրենիքի շքանշանով։
«Այն ազգը, որը ազատություն չի ուզում, որը հաշտվել է իր կալանավորված ստրուկ վիճակին, ուրեմն նա որպես ազգ սպառվել է, գոյություն չունի»:
«Ազգային պատականելիությունը միայն ազգին ծառայելով է որոշվում»:
«Ես ստրուկ լինել չեմ ուզում և ուզում եմ հավատալ, որ «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»: