«Բնակչության և առողջապական համակարգի սպասելիքները առաջնային պահպանման օղակից շատ ավելի բարձր են»
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգայանն այցելել են Երևանի չորս պոլիկլինիկա: Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 13 պոլիկլինիկայում տնօրեն Ռուզաննա Դուրգարյանի ուղեկցությամբ նրանք շրջել են բաժանմունքներով, ծանոթացել նյութատեխնիկական և կադրային հագեցվածությանը: 32 405 բնակիչ սպասարկող առողջության առաջնային պահպանման այս հաստատությունը Երևանի քաղաքապետարանի ջանքերով համալրվել է նորագույն ռենտգեն սարքավորմամբ:
«Կարմիր բլուր» պոլիկլինիկայի տնօրեն Նունե Ավանեսյանը ներկայացրել է մատուցվող ծառայությունները: Նախարարը կարևորել է 2015թ. ներդրվող առողջապահական նոր ստուգայցի (Check-Up) ծրագրի արդյունավետ իրականացումը: Նա բուժանձնակազմին տեղեկացրել է, որ այն միտված է բարձրացնելու առաջնային օղակի դերը, ինչպես նաև հայտնաբերելու հիվանդությունները վաղ փուլում: Արմեն Մուրադյանն անդրադարձել է նաև սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացմանը:
Երևանի թիվ 15 պոլիկլինիկայում առողջապահության նախարարը և Երևանի քաղաքապետը ծանոթացել են ընթացիկ շինարարական աշխատանքներին:
Նորագույն ռենտգեն սարքավորմամբ է համալրվել նաև Երևանի թիվ 8 պոլիկլինիկան: Այստեղ Արմեն Մուրադյանը և Տարոն Մարգարյանը ծանոթացել են մանրէաբանական լաբորատորիայի աշխատանքներին: Այցելել են մանկական և թերապևտիկ բաժանմունքներ: Բոլոր պոլիկլինիկաներում նախարարը հետաքրքրվել է Իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացմամբ, պատվաստումների ծածկույթի ապահովմամբ:
«Չնայած այն փաստին, որ տեսանք նոր սարքավորումներով հագեցած բժշկական կազմակերպություններ, բնակչության և առողջապական համակարգի սպասելիքները առաջնային պահպանման օղակից շատ ավելի բարձր են»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարը` ընդգծելով, որ այսօր այցելած չորս երևանյան պոլիկինիկաներն էլ հագեցած են նորագույն սարքավորումներով և ունեն ախտորոշիչ լայն հնարավորություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա