Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է
Այսօր հաշմանդամների միջազգային օրն է: 1992-ին՝ Միացյալ ազգերի կազմակերպության Հաշմանդամների տասնամյակի ավարտին (1983-1992), ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր:
Այդ տասնամյակը եղել է տեղեկացվածության բարձրացման և հաշմանդամների վիճակի բարելավման նպատակով միջոցառումների անցկացման և նրանց համար հավասար պայմանների ապահովման ժամանակաշրջան:
Ավելի ուշ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ արեց ամեն տարի նշել օրը՝ նկատի ունենալով հաշմանդամների հետագա ինտեգրումը հասարակական կյանքում:
«Որևէ տարբերակված մոտեցում չպետք է ցուցաբերվի հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, նրանք պետք է դառնան հասարակության լիարժեք անդամ, իսկ դրան հասնելու ամենակարճ ճանապարհը հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում զբաղվածության ապահովումն է: Վստահ եմ, որ տարբեր հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը այս առումով առաջիկայում կապահովի շոշափելի հաջողություններ»,-օրերս աշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստում հայտարարեց ախատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների հանրապետական շտեմարանում հաշվառված է 195.925 հաշմանդամություն ունեցող անձ, այդ թվում «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցողներ՝ 8120: «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցողներից 2565-ը աղջիկներ են, իսկ 5555-ը՝ տղաներ:
«Հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցողների տեղաբաշխումը ըստ տարիքային խմբերի հետևյալն է. 0-6 տարեկաններ՝ 1393, 6-12 տարեկաններ՝ 3112, 12-18 տարեկաններ՝ 3615: