Տարեվերջից ԱՐԵԱԼ համալիրում կիրականացվեն փորձարարական հետազոտություններ
Դեռևս 2008 թ-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում՝ Հայաստանում «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի հիման վրա միջազգային կենտրոն ստեղծելու մասին: «Քենդլ» նախագծի 1-ին փուլը պետք է դառնար տարածաշրջանում առաջին գիտահետազոտական գծային ԱՐԵԱԼ արագացուցչի կառուցումը: Այսօր արդեն այն իրականություն է:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության Պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, այս տարեվերջից համալիրում կիրականացվեն գիտական ուսումնասիրություններ: Արդեն պատվերներ են ստացել միջազգային հետազոտական կենտրոններից, սակայն հստակ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն հաջորդ տարվանից:
Նրա խոսքերով` այս տարվա մայիսին, երբ կոմիտեն հայտարարեց գիտական թեմաների հայտերի ընտրական մրցույթ, արդյունքում ընտրվեց հինգ գիտական թեմաներ, որոնք կիրականացվեն ԱՐԵԱԼ գծային արագացուցչի վրա: Դեկտեմբերից Երևանի պետական համալսարանի, Ա. Ի. Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի, ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Ճարտարագիտական համալսարանի և Քենդլ ինստիտուտի գիտական խմբերը կսկսեն ԱՐԵԱԼ համալիրում իրականացնել իրենց փորձարարական հետազոտությունները, որոնք ներառում են մոլեկուլային ֆիզիկայի, նյութագիտության, կենսաֆիզիկայի, կենսաբժշկության, միկրոէլեկտրոնիկայի և արագացուցչային նոր տեխնոլոգիաների ժամանակակից խնդիրներ:
Նշվեց, որ «ԱՐԵԱԼ» արագացուցիչը նախագծվել և կառուցվել է 2011-2013 թվականների ընթացքում` այն միջազգային համագործակցության փայլուն արդյունք է: Հիմնական գործընկերները այդ հարցում եղել են գերմանական DESY արագացուցչային կենտրոնը և շվեյցարական Փոլ Շերերի անվան ինստիտուտը: Այս ծրագրին փորձագիտական աջակցություն է ցուցաբերել արտասահմանյան առաջատար մասնագետներից կազմված միջազգային փորձագետների խումբը: ԱՐԵԱԼ գիտահետազոտական արագացուցչի արժեքի հիմնական մասը (20 մլն եվրոյի չափով, որը ծրագրի արժեքի մոտ 95 տոկոսն է) տրամադրել են եվրոպական խոշոր գիտական կենտրոնները, մասնավորապես՝ DESY-ն և PSI -ն: Մնացածը գումարը հատկացրել է ՀՀ կառավարությունը:
«ԱՐԵԱԼ» արագացուցիչն ընդգրկում է մի շարք բնագավառների՝ լազերային ֆիզիկայի, բարձր հաճախային տեխնիկայի, գերվակուումային սարքավորումների, ղեկավարման գերճշգրիտ համակարգերի, տարբեր ֆիզիկական պրոցեսների վերահսկման և համապատասխանեցման առաջավոր տեխնոլոգիաները: Գծային արագացուցչի գերկարճ ճշգրիտ էլեկտրոնային փնջերը հնարավորություն են տալիս ժամանակակից փորձարարական հետազոտություններ կատարել արագացուցչային տեխնոլոգիաների, կոհերենտ ճառագայթման աղբյուրների և գերարագ պրոցեսների ուսումնասիրման բնագավառներում: Նման հետազոտություններն այսօր աշխարհի առաջատար արագացուցչային կենտրոնների կարևորագույն գերակա ուղղություններից են:
Ս. Հարությունյանը հայտնեց նաև, որ ԿԳՆ ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում հոկտեմբերիին հայտարարել է պետբյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթ, որի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրացել է նոյեմբերի 30-ին:
«Այս մրցույթն անցկացվում է երկրորդ անգամ և արդեն ներկայացվել է մոտ 300 հայտ, ինչը փաստում է, որ մրցույթի հանդեպ հետաքրքրությունն աննախադեպ է»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա