Մանկապարտեզում թունավորման գործը «ծածկադմբոց չի արվի». Առողջապահության նախարար
Այս պահին Եղվարդի թիվ մեկ մանկապարտեզում թունավորման հետևանքով հիվանդանոցային բուժում է ստանում 4 երեխա և մեկ մեծահասակ: Երեխաներից երկուսը գտնվում են Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, ևս 2-ը` Եղվարդի հիվանդանոցում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` հավելելով, որ վարակված երեխաների մեծ մասն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:
«Մեզ հաջողվեց լոկալիզացնել վարակի օջախը ու կանխել դիզինտերիայի զարգացումը»,- նշեց նախարարը` հավելելով, որ ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ թունավորման պատճառը դիզինտերիան է, որը հաճախ կարող է առաջանալ կենցաղում սանիտարահիգիենիկ որոշակի պայմանները չպահպանելու պատճառով:
«Դեպքը արտառոց էր թվաքանակի իմաստով: Իսկ դիզինտերիան համարվում է չլվացած ձեռքերի հիվանդություն»,- ընդգծեց նախարարը:
Հարցին, թե ի վերջո թունավորման պատճառը արդյոք սննդամթերքից էր, թե՝ ոչ, Ա.Մուրադյանն ասաց, որ այդ հարցին կպատասխանեն իրավապահ մարմինները:
Նախարարը նշեց, որ մանկապարտեզի ճաշացանկում նրբերշիկ է եղել, սակայն նա հիշեցրեց, որ կա առողջապահության նախարարի 2013 թվականի հրամանը, որը կանոնակարգում է, թե ինչ սնունդ կարող է ստանալ նախադպրոցական երեխան, իսկ երշիկեղենի օգտագործումը մանկապարտեզների ճաշացանկում արգելված է:
«Արդյոք սննդամթերքից էր վարակը, թե ոչ, ինչ սննդամթերքից էր, թե հիգիենայի պատճառով էր, այս հարցերի պատասխանները կստանանք համապատասխան հետազոտությունների արդյունքում, ինչպես նաև քրեական գործի վարույթից: Իսկ թե ինչո՞ւ են մանկապարտեզում այդ սնունդը տվել, չեմ կարող ասել, քանի որ առողջապահության նախարարությունն այստեղ վերահսկողության գործառույթ չունի: Միայն կարող եմ հստակ ասել, որ վարակը ջրի միջոցով չի տարածվել»,- ընդգծեց Ա.Մուրադյանը:
Հարցին, թե հնարավոր է «ծածկադմբոց անեն և չպատժեն իրական մեղավորներին», նախարարը վստահորեն պատասխանեց, որ գործը «ծածկադմբոց չի արվի». «Քրեական գործի հարուցումը խոսում է նաև այն մասին, որ հարցի պատասխանները լինելու են լիարժեք»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները