Նման աղետալի կրթական համակարգով Ադրբեջանն ուժ չի ունենա ահաբեկչության դեմ պայքարելու. «Ազադլիգ»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է «Իսլամական պետություն» խմբավորման վտանգի, արմատական միտումների տարածման մասին` դրանց դեմ պայքարում երկրի կրթական ոլորտի լուրջ դերը կարևորելով: Ադրբեջանական «Ազադլիգ» թերթը հակասություն է տեսնում նախագահի ու իր աշխատակազմի ղեկավարի խոսքերում:
«Ազադլիգ»-ը հիշեցնում է, որ հարցազրույցի ընթացքում Ալիևն ասել է, թե Ադրբեջանն աշխարհիկ հասարակություն ունեցող երկիր է, «կրթության բարձր մակարդակով ժամանակակից պետություն»:
«Կրթությունն արմատականության դեմ պայքարի գլխավոր երաշխիքն է: Հարյուր տոկոս կրթվածություն ունեցող երկրում, կիրթ հասարակության ներսում պոտենցիալ վտանգ չի կարող լինել»,-ասել է Ալիևը` ակնարկելով Ադրբեջանում կրթության բարձր մակարդակի մասին:
Թերթը գրում է` այնուհանդերձ պետության ղեկավարի այս կարծիքը ոչ միայն իրական փաստ չէ, այլև անգամ հակասում է նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի խոսքերին: Վերջերս անցկացրած մի խորհրդակցության ժամանակ Մեհտիևը հայտարարել էր, որ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան վերածվել է շուկայի: Բացի այդ, նա Պետական կառավարման ակադեմիայի 15-ամյա տարելիցի միջոցառման իր ելույթում ներկաների ուշադրությունը հրավիրել էր հենց կրթական համակարգի խնդիրներին:
«Պետք է խոստովանել, որ նախագահի աշխատակազմը, նախարարությունները, ինչպես նաև տեղական իշխանության կառույցներն այսօր կանգնած են լուրջ կադրային ճգնաժամի խնդրի առաջ: Մենք բոլորս կարիք ունենք արդի կառավարման նրբություններին ծանոթ պատրաստի կադրերի և պետք է խոստովանենք, որ դժվարություն ունենք բարձր պահանջների համապատասխանող կադրեր գտնելու հարցում», -ասել է նա:
«Ազադլիգ»-ը շեշտում է` Ռամիզ Մեհտիևը փաստացիորեն խոստովանել էր, որ այսօր Ադրբեջանում կրթության մակարդակը հետ է մնում խորհրդային շրջանում եղածից:
Թերթը գրում է, որ Ադրբեջանում կրթության մակարդակի անկումը հաստատում են նաև ընդունելության քննությունների ժամանակ տարեցտարի անցողիկ միավորների նվազումը, միջնակարգ դպրոցը գերազանց գնահատականներով ավարտածների վատ արդյունքները քննություններին և այլ գործոններ:
«Նման աղետալի կրթական համակարգով երկիրը որևէ սպառնալիքի, ահաբեկչության դեմ պայքար տանելու ուժ չի կարող ունենալ»,-եզրափակում է թերթը:
Նյութեր թեմայի շուրջ`
Ադրբեջանի իշխանություններն ընդունել են երկրում հասարակական գիտակցության ճգնաժամն ու իրենց անկարողությունը դրա դեմ պայքարում
Ադրբեջանի հատուկ ծառայությունները չեն խոչընդոտի ծայրահեղականների՝ Սիրիա մեկնելուն
Ադրբեջանում արմատականներին ֆինանսավորող «Ջիհադի հիմնադրամ» է գործում. ադրբեջանական մամուլ