«Միգուցե այստեղ կան որոշակի սպեկուլյատիվ երևույթներ». Կարեն Ճշմարիտյանը` դրամի արժեզրկման մասին
Դրամի տատանողականության դրսևորումը մեր այսօրվա տնտեսական իրավիճակի օբյեկտիվ արտացոլումը չէ: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` հավելելով, որ միգուցե այստեղ կան որոշակի սպեկուլյատիվ երևույթներ, որի կանխարգելումն ու դրա հետևանքների վերացումը Կենտրոնական բանկն իր գործիքներով կարող է անել:
«Ես համոզված եմ, որ ԿԲ-ի և պահուստները, և ունեցած դրամային ծավալները, և դոլարային ծավալները, և մեր բանկերի մոտ եղած դոլարային ծավալները թույլ են տալիս եզրակացնել, որ սա այնուամենայնիվ մի քանի օրվա խնդիր է, ամեն ինչ կկարգավորվի, մանավանդ որ ՌԴ-ն այսօր հայտարարություն է անելու, որոշակի գործիքներ, կարծում եմ, կկիրառեն»,- ընդգծեց Կ.Ճշմարիտյանը:
Դիտարկմանը, թե գրեթե բոլոր բանկերն այսօր դոլար չեն վաճառում, նախարարն ասաց. «Ասել, որ չկա դոլար, չի կարելի, բա մարդիկ ինչո՞վ են աշխատում»:
Հարցին, թե նախարարն ունի՞ տեղեկություն այն մասին, որ ռուսական ընկերությունները կանխիկ դոլար են գնել Հայաստանից, Կ.Ճշմարիտյանն ասաց, որ նման տեղեկություններ չունի:
«Չեմ կարծում, որ նման բան կլինի: Եթե որևէ մի տեղ իրենց ազգային արժույթը ավելի անկայուն է, ոչ մի գործարար չի ձգտի, իր ունեցած արժույթը տեղափոխել այլ տարածք, այսինքն` ավելի անկայուն երկիր: Եթե ասեիք, որևէ այլ տեղ, գուցե հավատայի, բայց ոչ Ռուսաստան»,- նշեց էկոնոմիկայի նախարարը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանում տիրող իրավիճակին, նախարարն ասաց, որ չի կարծում, թե ՌԴ տնտեսությունում տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված՝ հաջորդ տարի Հայաստանի տնտեսությունում ճգնաժամ կլինի:
«Չեմ կարծում, որ մեզ մոտ անկում կլինի հաջորդ տարի, քանի որ մեր տնտեսական հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ: Օրինակ` նույն առևտրաշրջանառությունը, եթե վերցնենք 10 ամսվա կտրվածքով, կազմում է ընդհանուր առևտրաշրջանառության 28 տոկոսը: Կարող եմ մի շատ մեծ առավելություն նշել, որ ավանդաբար մեր խոշոր գործընկներ հանդիսացող երկրները հենց ԱՊՀ երկրներն ու Եվրամիություն էին, հիմա, եթե ուշադրություն դարձնենք վիճակագրությանը, կտեսնենք, որ 44 տոկոսը մեր արտաքին առևտրաշրջանառության արդեն այլ երկրների հետ է: Սա բավականին դրական ցուցանիշ է հենց արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացիայի մասով»,- ասաց Կ. Ճշմարտիյանը:
Հարցին, թե հաջորդ տարվա համար կանխատեսված 4.1% տնտեսական աճը հնարավո՞ր է վերանայեն, նախարարը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերը հաջորդ տարի և 2016-ին իրենց արդյունքները կունենան: Ըստ նրա` բավական լուրջ առաջընթաց է լինելու նաև ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում, տարբեր համաշխարհային բրենդների մուտքը Հայաստան իրենց արդյունքն այնուամենայնիվ տալու են:
«Այսինքն` ոլորտային այն ծրագրերը, որոնք կան, դրանք հաջորդ տարի, առավելապես 2016 թվականին իրենց շատ ավելի ակտիվ զգացնել կտան»,- ընդգծեց նա:
Ռուսաստանի տնտեսության ազատականացման մասին հարցին անդրադառնալով, Կ.Ճշմարիտյանն ասաց, որ համաշխարհային տնտեսության մեջ ազդեցություն ունեցող երկրի կողմից տնտեսության ազատականացումը իր բոլոր գործընկեր երկրների համար օգտակար է և առաջին հերթին՝ հենց իր համար:
«Դա նոր ներդրումների, տնտեսական ակտիվության հիմք կարող է դառնալ նաև հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները