ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը կողմ են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը
«Հայաստանը կանգնած է աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական ձևափոխումների իրողությունների պայմաններում իր տեղն ունենալու խնդրի առաջ»,- ԱԺ-ում ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը վավերացնելու մասին քննարկումների ժամանակ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Նա նշեց, որ Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը քաղաքական, տնտեսական, անվտանգության օրակարգային հարց է, հետևաբար հասարակությունը սպասումներ ունի այդ անդամակցությունից, զգալի մասը՝ դրական սպասումներ:
ՕԵԿ-ական պատգամավորն ասաց, որ ԵՏՄ-ին անդամակցությունը չի հակասում աշխարհի այլ ուժային կենտրոնների հետ Հայաստանի համագործակցության խորացման գործընթացին:
Նա նշեց, որ Հայաստանը փոքր երկիր է, պետք է համագործակցի աշխարհի բոլոր ուժային կենտրոնների հետ, վարի բալանսավորված քաղաքականություն՝ ելնելով ՀՀ-ի և ԼՂՀ-ի կարճաժամկետ, երկարաժամկետ ռազամավարական զարգացման շահերից:
«Արտաքին քաղաքական օրակարագին առնչվող յուրաքանչյուր որոշում պետք է բխի Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության գերակայություններից»,- ասաց Հ. Բիշարյանը՝ հավելելով, որ ՕԵԿ կողմ է քվերակելու պայմանագրի վավերացմանը:
ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն էլ իր ելույթում ասաց, որ ԲՀԿ-ն կողմ է Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագրին:
«ԲՀԿ-ն այսօր կողմ է քվեարկելու այս համաձայնագրին, որովհետև այսօր դեմ քվեարկելը կվնասի Հայաստանի շահերին: Մենք կողմ չենք քվեարկում իշխանությունների կատարած քայլերին. ամենևին ոչ: Դրանք կարող էին և պետք է լինեին ավելի լավը, մենք կողմ ենք քվեարկում տվյալ պահին Հայաստանին չվնասելու համար, Հայաստանի ապագա հնավարությունների համար, որոնք կարղ են լինել, եթե Հայաստանում իշխանությունները համառորեն և մշտապես պաշտպանեն Հայաստանի Հանրապետության շահերը: Իսկ թե երբ դա կլինի՝ կարծում եմ հասկանում են բոլորը»,- ասաց նա:
ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ Հայաստանը կարող է ունենալ տնտեսական օգուտներ ԵՏՄ-ին անդամակցելուց:
«Մասնավորապես, մենք տնտեսական քաղաքականություն իրականացնելու պարագայում կարող ենք և հնարավորություն ունենք ավելացնել մեր արտահանման ծավալները, հատկապես՝ գյուղմեթերքների վերամշակման մասով, մի շարք ծառայությունների, ֆինանսական միջնորդությունների մասով: Կգործեն միասնական տեխնիկական կանոնակարգեր, սերտիֆիկացում և այլն:
Իհարկե, որոշակի մտահոգություն է առաջացնում նաև 752 զգայուն ապրանքների մասով մաքսատուրքերի պահպանման մեխանիզմը, այն իմաստով, որ դրանից դուրս նույնպես ապրանքներ կան, կամ Առևտրի համաշխարհային կազմակերպության նկատմամբ մեր կողմից պարտավորությունների կատարումը մաքսատուրքերի տոկոսադրույքների ավելացման պարագայում ևս դիտարկման առարկա է և այլն»,- ասաց Տ. Ուրիխանյանը:
Ըստ նրա, ինտեգրացիոն պրոցեսները փոքր և ռեսուրսներով աղքատ պետությունների համար նոր դռներ են բացում: