Ինչու՞ է «Իսլամական պետությունը» գրավիչ նաև եվրոպացի իսլամականների համար
21-րդ դարի առաջին տասնամյակի սկզբում ցանցային բնույթ ստացած իսլամական ծայրահեղ արմատական միտումները չշրջանցեցին նաև Եվրոպա մայրցամաքը: Վերջինը չխուսափեց նաև 10 տարի անց ի հայտ եկած նոր իրողության` «Իսլամական պետության» (ԻՊ) ազդեցությունից, որի մերօրյա առարկայական դրսևորումներն են եվրոպական տարբեր երկրներից Մերձավոր Արևելքում հայտնված ու ջիհադական պայքար մղող իսլամականները:
Ինչու՞ են իսլամական արմատական տրամադրություններն ու ի հայտ եկած ԻՊ-ը գրավիչ զարգացած եվրոպական երկրների մուսուլմանների համար
Գաղափարական-հոգեբանական գործոն. ԻՊ-ի վարքագծում նկատվող մոտիվացիան և գաղափարական հիմնավորումները գրավիչ են ծայրահեղ արմատական գաղափարներ կրող մուսուլմանների, այդ թվում եվրոպացի իսլամականների համար: Մինչ իսլամական արմատական որոշ այլ կառույցներ պայքարում են իսլամական պետություն ստեղծելու համար, ԻՊ-ը հայտարարում է, որ արդեն ապահովել է «Իսլամական պետության» գոյությունը, որին կարող են միանալ մուսուլմանները: ԻՊ-ի կողմից նոր խալիֆա Աբու Բաքր ալ-Բաղդադիի ատրիբուտներում Մուհամմադ մարգարեի ցեղանվան վկայակոչումը (Աբու Բաքր ալ-Բաղդադի ալ-Կուրայշի) նպատակ է հետապնդում ընդգծել մարգարեի ցեղին պատկանող ԻՊ-ի առաջնորդի անձի կարևորությունն ու առանձնահատուկ վերաբերմունքը մուսուլմանների կողմից:
Մերձավորարևելյան տարածաշրջան եկող հոգևոր-գաղափարական միտումներով առաջնորդվող իսլամականների համար կարճ ժամանակահատվածում լայնածավալ տարածքներ նվաճած ԻՊ-ը տալիս է մուսուլմանական ումմայի համար պայքարելու և զոհվելու հնարավորություն: Դրա հետ մեկտեղ, Սիրիայում և Իրաքում ռազմական ուղի անցած և անհավատների դեմ ջիհադական պայքար իրականացրած մուսուլմանը որոշակի հեղինակություն և հարգանք է վայելում աշխարհով մեկ սփռված մուսուլմանական շրջանակներում:
Ֆինանսական գործոն. ԻՊ-ի վերահսկողության տակ են անցել էներգակիրներով հարուստ սիրիական և իրաքյան որոշ տարածքներ, որտեղից կառույցը զբաղվում է նավթային պաշարների վաճառքով (ըստ տեղեկությունների` մինչ ս.թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների կոալիցիոն օդուժի կողմից հարվածները, ԻՊ-ը սիրիական տարածքներից օրեկան վաճառում էր մոտ 40.000 բարել նավթ, իսկ իրաքյան նավթահորերից` 5000-ից 6000 բարել նավթ (մեկ բարելը մոտ 25-30 դոլարով)): Բացի այդ, ԻՊ-ի բյուջեն համալրվում է նվիրատվություններով, տարբեր աղբյուրներից եկող ֆինանսական հոսքերով, այլադավաններից հավաքագրվող գլխահարկով, առևանգված գերիների, հնաոչ և այլ ապրանքների վաճառքով և այլն, որոնք ևս լրացուցիչ ֆինանսական հոսքեր են ապահովում կառույցին: Վերոհիշյալ հոսքերը ԻՊ-ին դարձրել են աշխարհի ամենահարուստ ծայրահեղ իսլամական կառույցը, որի Ֆինանսական զգալի ռեսուրսները հնարավորություն են տալիս սպառազինվելու, նոր անդամներ հավաքագրելու, ֆինանսավորելու և ռազմական գործողությունների վրա զգալի միջոցներ ծախսելու համար:
Տեղեկատվական-քարոզչական գործոն. Եվրոպացի երիտասարդ մուսուլմանների համար ջիհադը գրավիչ դարձնելու նպատակով ԻՊ-ը օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաներ (IT մասնագետներ, համացանց, բարձր որակի գովազդային տեսահոլովակներ և այլն), և եվրոպական երկրներում վաղուց գոյություն ունեցող իր իսլամական ցանցերի միջոցով իրականացնում է «Հանուն Աստծո սրբազան պատերազմ վարելու քարոզչություն»: Երիտասարդ, առավել ևս աշխարհիկ եվրոպական հասարակական միջավայրից սերող մուսուլմանի համար, իսլամը վերածվել է կենցաղի, ում համար «Իսլամական խալիֆայության և մուսուլմանական ումմայի շենացման», ջիհադական պայքար իրականացնելու, «անհավատների» դեմ պայքարելու և այլ իսլամական արմատական գաղափարներն ԻՊ-ի կողմից կյանքի կոչելու հնարավորություն է ստեղծվել:
Ինչպիսի՞ վտանգավոր միտումներ կարող են ունենալ աճող իսլամական ծայրահեղ արմատական տրամադրությունները Եվրոպայի համար
Սիրիայում և Իրաքում կռվող իսլամականների ընդհանուր թվաքանակը ս.թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվվում է մոտ 50.000 զինյալ: Ջիհադականների թվաքանակի աննախադեպ աճ գրանցվեց ս.թ. հունիսի 29-ին «Իրաքում և Շամում իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կառույցի կողմից «Իսլամական պետություն» հիմնելու և նոր խալիֆա հռչակելու մասին տեղեկատվության տարածումից անմիջապես հետո (2014թ. հունիսի դրությամբ ջիհադականների թիվը կազմում էր մոտ 20.000 զինյալ:
«Իսլամական պետություն» հռչակելուց մեկ ամիս անց իսլամականների թիվն ավելացավ մոտ 11.000-ով` կազմելով` 31.500 զինյալ): Սիրիայում և Իրաքում կռվող եվրոպացի ջիհադականների թվաքանակը 2014թ. սեպտեմբերի վերջի դրությամբ կազմում էր մոտ 3.000 զինյալ` 2013թ. նույն ժամանակահատվածի դրությամբ ավելանալով ավելի քան 60 տոկոսով: Եվրոպական իշխանությունների համար խնդրահարույց է կասեցնել եվրոպացի իսլամականների ճանապարհորդությունը դեպի Մերձավոր Արևելք, ավելին` բավական դժվար է պարզել, թե տվյալ եվրոպացի մուսուլմանի մերձավորարևելյան տարածաշրջան մեկնելու նպատակը իրականացվող ջիհադին մասնակցե՞լն է, թե՞ «զբոսաշրջությունը»: Այդուհանդերձ, իրողությունն այն է, որ աճող իսլամական ծայրահեղ արմատական միտումների համատեքստում եվրոպացի իսլամականներն ակտիվ են ինչպես Մերձավոր Արևելքում իրականացվող ջիհադական պայքարում, այնպես էլ ակտիվանում են Հին մայրցամաքում: Վերոհիշյալը բացասական հետևանքներով է լեցուն ոչ միայն մերձավորարևելյան տարածաշրջանի, այլև եվրոպական այն երկրների համար, որտեղից ջիհադականները սերում են:
Ըստ փորձագիտական վերլուծությունների՝ 1990-2010թթ. ջիհադական տարբեր ճակատներից ետ վերադարձած իսլամականների ընդհանուր թվի միայն 10 տոկոսն է ակտիվություն ցուցաբերում` իրենց երկրներում ներգրավվելով ահաբեկչական բռնարարքների մեջ: Առաջնորդվելով վերոհիշյալ գնահատականներով, և հաշվի առնելով, որ եվրոպացի ջիհադականների թվաքանակը Մերձավոր Արևելքում մոտ է 3000-ին, ապա հասկանալի է, որ ետադարձ ճանապարհը բռնած եվրոպացի իսլամականների մի զգալի հատվածը պատրաստ է լինելու իր փորձը ներդնել նաև Եվրոպայում` սպառնալիք հանդիսանալով Հին մայրցամաքի երկրների համար (նմանատիպ ահաբեկչական գործողությունների վերաբերյալ արդեն կան փաստեր): Իրենցից վտանգ են ներկայացնում ջիհադական ուղին չբռնած, ջիհադի ռազմաճակատներում չեղած, սակայն «ալ-Կաիդա»-ին, ԻՊ-ին կամ որևէ այլ մուսուլմանական ծայրահեղական կառույցին հարող ու իսլամական արմատական գաղափարներով առաջնորդվող եվրոպացի այն իսլամականները, որոնք ամեն վայրկյան պատրաստ են իրականացնել ահաբեկչական բռնարարքներ հենց իրենց երկրներում:
Ինչպիսի՞ միջոցներ կարելի է ձեռք առնել եվրոպացի ջիհադականների ակտիվության կանխման համար
Տեղեկատվական բազա. Իսլամականների վերաբերյալ եվրոպական տեղեկատվական բազայի ստեղծումն ու դրա փոխանակումներն այլ եվրոպական երկրների նմանատիպ տեղեկատվական բազաների հետ արդյունավետ կարող է լինել, որը հնարավորություն կտա բացահայտել և հետևել եվրոպացի ջիհադականներին: Եվրոպական իշխանությունների և տվյալ երկրներում գործող մուսուլմանական կազմակերպությունների միջև համատեղ գործողություններն ու տեղեկատվության փոխանակումները հնարավորություն կտան իսլամական ծայրահեղ արմատական գաղափարները եվրոպական մզկիթներում ու այլ մուսուլմանական շրջանակներում որոշ չափով քարոզելուց խուսաբելու համար:
Ներթափանցման ուղիների կասեցում. Թուրքական սահմանն այն հիմնական ճանապարհն է, որտեղից ԻՊ-ը համալրվում է նորանոր ջիհադականներով (նաև եվրոպացի): Այս համատեքստում թուրքական իշխանությունների վրա համաշխարհային հասարակական-քաղաքական ճնշումների արդյունքում Թուրքիայից դեպի Սիրիա, կամ Իրաք ներթափանցող իսլամականների առաջ թուրքական սահմանի փակումը էական ազդեցություն կունենա դեպի Մերձավոր Արևելք շտապող ջիհադականների ներհոսքը կասեցնելու համար:
Ֆինանսական հոսքերի դադարեցում. Պարսից ծոցի արաբական միապետություններից, զանազան մուսուլմանական ֆինանսական կառույցներից, կամ անհատ դոնորներից իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումներին եկող ֆինանսական հոսքերի կանխումը հնարավորություն կստեղծի նվազեցնել ջիհադականներին ուղղված ֆինանսական հոսքերը:
Ռազմական գործողություններ. Մերձավորարևելյան տարածաշրջանում նորանոր տարածքների նկատմամբ ԻՊ-ի զինված ստորաբաժանումների կողմից վերահսկողության կանխումը (այն արդյունավետ կլինի օդային հարվածների` հրթիռակոծությունների, ռմբակոծությունների ու ցամաքային ռազմական գործողությունների միջոցով, որոնց պետք է ներգրավված լինեն տեղի ռազմական ստորաբաժանումները (տեղաբնիկ ցեղեր, քրդեր, իրաքյան կառավարական ուժեր և այլն) մուսուլմանական, մասնավորապես սուննիական երկրների մասնակցությամբ) նույնպես իր բացասական ազդեցությունը կունենա աճող իսլամական ծայրահեղ արմատական տրամադրությունների վրա:
Գաղափարա-քարոզչական ակտիվություն. Իսլամական աշխարհում և մուսուլմանական համայնքներ ունեցող այլ երկրներում ԻՊ-ի դեմ ուղղված հետևողական աշխատանքը, գաղափարա-քարոզչական ակտիվությունն ու սերտ համագործակցությունը ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքների բնակչության հետ, կթուլացնեն ԻՊ-ի դիրքերը վերոհիշյալ տարածքներում` բացասաբար անդրադառնալով դեպի Մերձավոր Արևելք շտապող ջիհադականների թվաքանակի վրա:
Սարգիս Գրիգորյան, արաբագետ